Tuesday, November 6, 2018

Երևան 2040

— Գագուլիկ ջան, ի՞նչ տամ... մի հատ կլոր հաց, երկու հատ էլ սմետա՞ն... հեսա տամ, բալես...  պասպորտդ ո՞ւր ա... այ տղա էդ չէ... խուժան լակոտ, ծննդականդ տու, յա՛..., ապրես, բալիկ ջան, հիմա ձախ աչիկդ պահի էն սկաների մոտ... էդ աջն ա, ձախը մյուսն ա, տղես... ըհը, ապրի Գագուլիկը... հիմա մյուսը, բալես... ըհը... հիմա չիշիկ արա էն ձագարի մեջ... չունե՞ս... այ շան լակոտ, մի զռռա... գնա, մամային ասա թող քեզ կաթիկ տա, կխմես, մի քիչ հետո կգաս...

Հետաքրքիր մարդիկ են, տո, բա երեխուն հացի ուղարկելուց առաջ չիշիկացնում ե՞ն...

— Ձե՞զ ինչ տամ, Համբարձում ձյա... հա, թարմ ա, անցյալ ամառ ենք ստացել... հեսա կտրատեմ, տամ... պասպորտը... աչքերը... մատնահետքը... մեզի անալիզ... Համբարձում ձյա, սիսծեմը սաղ ընդունեց, բայց մեզի անալիզի վրա պրոբլեմ ա տալիս... 19 թվին այֆոնի գույքահարկ չեք մուծե՞լ... Համբարձում ձյա, ես կալբասը պահեմ, դու գնա թաղապետարան, հանձնվի... դու փողոց փակողի վկայական ունեիր չէ՞... էդ որ ցույց տաս, 15 սուտկայից ավել չեն պահի... հետո հարկերը, տույժ-տուգանքները կմուծես, կգաս... ուրիշին չեմ տա, հեսա, ստեղ դրած ա...

Tuesday, April 24, 2018

Problema solutum est

S01E02
Աչքերս հազիվ եմ բացում։
Գլխումս՝ շիլափլավ, աջ աչքս ֆոկուսի չի գալիս, ականջներումս՝ աղմուկ, աղմուկի միջից՝ ինչ որ ռիթմեր... «ը...հը-հը..էի..ի-իի...», «այլ..ա-ա..մէժի...էժի...», «քա՜յլ... արա...»...
Արա՛, սպասի, ճիշտ ա՝ «մերժիր...»։ Մի րոպե հլա... մերժինք ախր... արա, վա՛խ արա... հորս արև, երազ չէր... մերժել ենք, մերրժվել ա, ինքնամերժվել ա.... աաաաաա... աաաաաաաաաա.....
Սպասի, սպասի, ստուգել ա պետք... ուր ա էդ անտեր պուլտը... Հ1-ը որի՞ վրա էր... ո՞վ ա հիշում. Հ1 վերջին անգամ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն ենք միացրել։
«Պաշտոնական նորություններ... Վարչապետ Փաշինյանն ընդունեց քաղաքաշինության նախարար Լոքյանին...» աաաաաա.... աաաաա..... արա ճիշտ աաաաա....
Երկու վայրկյանում վրաս շոր-մոր եմ գցում, վազում բակ... Էս ցնծությունը մենակ վայելելու չի... Գիշերն, իհարկե, ահագին ցնծացած կլինեմ (բա գլուխս ինչի՞ ա տրաքում), բայց եթե դրանից բան չեմ հիշում, ուրմեն էդ հաշիվ չէր։
Առաջինն, ում տեսնում եմ հայաթում, Չթոյի ախպեր Ճկլն ա...

Wednesday, February 14, 2018

Մի կաթիլ էլ...

Չքաղաքականացնե՛լ։ 
Բոլոր համընկնումները պատահական են

***
Մի դիցուհի մի դահլիճում
Մեզ էր բերել, շիշն էր լցնում։
Մեկ էլ իրեն շեֆի մոտից
Դոշին նշան՝ ոնց կուսակից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խակ ծիրան։
Էլ անելու բան դու չունե՞ս։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.
Տարա ունե՞ս, մի տարադ բեր,
Էս թարմ մեզից, ինչքան ուզես,
Էս սըհաթից լցնեմ տամ քեզ։

Friday, January 19, 2018

Հայերեն գրաբար Աստվածաշունչն՝ էլեկտրոնային ընթերցիչների համար

Մոտ 2,5 տարի առաջ սկիզբ դրվեց հայերեն գրաբար Աստվածաշնչի էլեկտրոնային epub և mobi տարբերակների մշակման աշխատանքներին։ Առիթը qahana.am կայքում հայերեն գրաբար Աստվածաշնչի էլեկտրոնային տարբերակի ներկայացումն էր, որը վաղուց էի ուզում վերածել էլ. ընթերցիչների համար ընդունելի ձևաչափի։

Մինչ աշխատանքի ներկայացմանն անցնելը, մի քանի խոսք Աստվածաշնչի հայերեն տպագիր տարբերակների պատմությունից (ծաղկաքաղ է արված հետևյալ նյութից. Վահան Վարդապետ Տերյան, (1960) Աստվածաշնչի հայերեն տպագրության պատմությունից. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԺԷ (Թ)

Tuesday, September 26, 2017

Ռազմահայրենասիրական ցանկ՝ MS Word-ում

Ինչու՞... 

Իմ մոտ էլ, ինչպես ուզածդ ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված հայու մոտ, ի Հայաստանս եւ ի սփյուռս աշխարհի, մի գեղեցիկ աշնանային օր ծագեց էս հարցը. ինչու՞...

Ինչու՞ Մայքրոսոֆթաց Վորդում ցանկերի համարակալումը կարելի է կատարել արաբական ու հռոմեական թվականներով, լատինական այբուբենի տառերով, նույնիսկ բառերով, բայց ոչ՝ մաշտոցյան այբուբենով։

Լավ է, որ կան word-ի՝ էս պատմական անարդարությունը շրջանցելու համար օգտակար symbol ու sequence դաշտերը (fields), ու լավ է, որ կամ ես։ Էս երեք լավ բաների համադրության արդյունքում ստեղծվեց մի մակրոս, որը հարցի լուծում է առաջարկում։

Wednesday, December 14, 2016

Ամերիկյան ֆանտաստիկայի հատընտիր (14 հատորով)

Ինտերնետի խորումութ պուճախներում դեգերում էի, որ թեթև ընթերցանություն գտնեմ քինդլիս համար: Մեկ էլ ռաստ էկա հին ու վաղուց մոռացված «Американская фантастика в 14 томах» շարքին, որից մի քանի հատոր ջահել վախտերս ձեռք էի բերել։ Ցավն էն էր, որ էս շարքի էլեկտրոնային գրքերը հասանելի էին մենակ fb2 ֆորմատով, որը ա) իմ համեստ կարծիքով՝ էշ ֆորմատ ա, բ) քինդլիս չի նստում ասածիս ամենաուղիղ և պարկեշտ իմաստով։

Ընդհանրապես, Քինդլիս, էն ամազոնյան azw-մazw ֆորմատները չհաշված, մենակ mobi-ն ա նստում, իսկ CALIBRE ծրագրով փոխարկվածները միշտ էլ խնդիր ունեն։ Օրհնվի, իհարկե, CALIBRE ստեղծողը (հենց մենակ իր editor-ի համար, որը թույլ ա տալիս հենց epub-ի մեջ կոդի հետ աշխատել), բայց դրանով ստեղծված mobi ֆայլերը զիբիլ են։

Հետևաբար բոլոր 14 հատորներն էլ քանդել-հավաքել եմ (կարելի ա ասել՝ 0-ից), ամբողջապես հարմարեցրել mobi ֆորմատին (որ ասում եմ mobi, epub-ն էլ հետն ա), ներառյալ շապիկները, ցանկերն ու հղումները ու հիմի հաճույքով վերընթերցում եմ ծերուկ Բրեդբերիին, ծերուկ Սայմաքին, պառավ Լեգուինին և այլոց։

Thursday, November 24, 2016

Չինովնիկն ու հրեշը

— Գիտեմ, ինչու ես եկել,— ասաց հրեշը,— հիմարություն է ուզածդ, բայց ես կօգնեմ քեզ։ Դու ուզում ես քաղաքական հենարան ու ուզում ես կիսես պատասխանատվությունը... ու էլի հինգ բան էլ ես ուզում, որ էդքան էլ չհասկացա, բայց դե, անցած լինի...
Ու հրեշն բարձր ծիծաղեց։

— Լավ, դու ճիշտ ժամանակին ես եկել։ Ես մի թուրմ կպատրաստեմ ու մի բարաթ կտամ։ Գիշերը մի չղջիկ կբռնես, կտաս դրանից շաուրմա սարքեն, կետչուպ֊մայոնեզով, բայց առանց թթու վարունգի կուտես, հետո կստորագրես էդ բարաթը ու կթողնես Թոխմախի մուտքի դիմաց։ Էդ ժամանակ կստանաս դու քո քաղաքական հենարանը։