Մարկն ու Չանը սիրում էին բարձրանալ կտուր, արևկող անել կղմինդրի վրա ու երազե՜լ, երազե՜լ… Մի օր, ձմեռնամուտին, երբ փոքրիկ Մարկը մոտակա հնոտիքի շուկայից ձեռք բերած իր կապույտ հայելին էր փայլեցնում, վերջինս պատահաբար սահենց նրա փոքրիկ ու փափլիկ ձեռքերից ու, կտուրից ուժգին ընկնելով սալահատակին, բյուրավոր փշուրների բաժանվեց։ Փշուրները թռան շուրջբոլորը և, մարդկանց աչքերից, ականջներից, քթերից սպրդելով նրանց մարմինները, արյան հետ հոսեցին դեպի նրանց սրտերն ու էնտեղ էլ ամրացան։ Իսկ կապույտ հայելում, ինչպես հին վիկինգներն էին հավատում, ապրում էր Սոցցանցե Թագուհին՝ Մուննաթի Թագավորի քույրը՝ մի չար, նախանձ, ինքնավստահ, փառամոլ պառավ կին։ Ու չար պառավի ազդեցության տակ գտնվող, նրա մասնիկը հանդիսացող հայելու բյուրավոր փշուրները մշուշեցին մարդկանց հայացքներն ու սառեցրին սրտերը, աղավաղեցին մարդկանց շրջապատող իրականությունը։ Փշուրները սրտերում՝ մարդիկ սկսեցին աշխարհն ընկալել Սոցցանցե Թագուհու աչքերով ու ականջներով, իսկ որ ամենավատն է՝ թագուհու սրտով։ Նրանց սրտերը կարծրացան, զգացմունքները բթացան, իսկ սեփական անձերի նկատմամբ կարծիքները խոյացան Էլբրուսի գագաթից էլ վեր։ Մարդիկ սկսեցին իրենց համարել ցանկացած ոլորտի խորը մասնագետներ, սկսեցին քննարկել մյուսների բոլոր արարքները, պիտակել ու չարախնդալ բոլորի վրա։