Showing posts with label գլխիս չխփեք. Show all posts
Showing posts with label գլխիս չխփեք. Show all posts

Wednesday, September 11, 2019

Բալլադ #2

Վարչապետը մի պաշտոն է, որ շատերն են ցանկանում,
Նրա շուրջը օլիգարխ ու չինովնիկ են խոնարհվում,
Վարչապետն առանձնատուն է, վերջին զանգ ու վարդավառ,
Ախռաննիկ է, ջուր բռնող է, վերտալյոտ... ու ներված գառ,

Խորոված է ու մառան է, կառնավալ ու փառատոն,
Հարսանիք է, գործուղում է, հեծանիվ ու գինու տոն,
Բաստուրմա է, ղավուրմա է, հոնի ջեմ ու թարմ ծիրան,
Յարխուշտա է, քոչարի է... միտս եկավ Քոչարյան։

Վարչապետն ընդդիմադիր է, բանաստեղծ ու խմբագիր,
«Ես պոետ եմ, ձիս պոետ է», ֆեյսբուքեր, արձակագիր,
Թումանյան է, Մեծարենց է, Մուրացան ու Լեռ Կամսար,
Աղայան ու Թոթովենց է... միտս եկավ Ամուլսար։

Վարչապետը ճշտի մարդ է, ճիշտը մեկն է, հիրավի.
Ինքն ճիշտ էր, Սերժը սխալ էր՝ հեղինակն էս փլավի,
Ամուլսարը հիմա հանք է, երեկ սար, ու հանք էլի,
ՀԱՊԿ-ը վատն էր, հիմա լավն է, սիրելի է, ցանկալի։

Օլիգարխը թշնամի է, ասֆալտին պիտի փռվի՝
Դոն Պիպոն և կես Սաշիկը... Սամվելին պետք է ներվի։
Վանեցյանը մեր ախպերն է, դատավորը՝ պի$%$աս։
Ով Ռոբին ներեց նա նենգ է, անասուն, փնթի, փալաս։

Վարչապետը նախարար է, քարտուղար, ավագանի,
Մարության է, կարգին Հայկ է, տեղակալ թաղապետի,
Հեռախոսը ով կորցրել է, ֆեյսբուքում թող պոստ չանի...
Վարչապետը լեգիտիմ է, դեպուտատ Խուռուլդանի...

Վարչապետը գործուղման էր, համարում իր բարձրակարգ,
Աշխատում էր... չարչարվում էր... փոխում հոտած համակարգ... 
Իրիկունը նա երկնում էր նոր տողեր, նոր օրակարգ...
Գործուղումը Ամստերդամ էր, 
     ...կարմիր վոլգա...  
           ...աբրվալգ...


Tuesday, April 24, 2018

Problema solutum est

S01E02
Աչքերս հազիվ եմ բացում։
Գլխումս՝ շիլափլավ, աջ աչքս ֆոկուսի չի գալիս, ականջներումս՝ աղմուկ, աղմուկի միջից՝ ինչ որ ռիթմեր... «ը...հը-հը..էի..ի-իի...», «այլ..ա-ա..մէժի...էժի...», «քա՜յլ... արա...»...
Արա՛, սպասի, ճիշտ ա՝ «մերժիր...»։ Մի րոպե հլա... մերժինք ախր... արա, վա՛խ արա... հորս արև, երազ չէր... մերժել ենք, մերրժվել ա, ինքնամերժվել ա.... աաաաաա... աաաաաաաաաա.....
Սպասի, սպասի, ստուգել ա պետք... ուր ա էդ անտեր պուլտը... Հ1-ը որի՞ վրա էր... ո՞վ ա հիշում. Հ1 վերջին անգամ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն ենք միացրել։
«Պաշտոնական նորություններ... Վարչապետ Փաշինյանն ընդունեց քաղաքաշինության նախարար Լոքյանին...» աաաաաա.... աաաաա..... արա ճիշտ աաաաա....
Երկու վայրկյանում վրաս շոր-մոր եմ գցում, վազում բակ... Էս ցնծությունը մենակ վայելելու չի... Գիշերն, իհարկե, ահագին ցնծացած կլինեմ (բա գլուխս ինչի՞ ա տրաքում), բայց եթե դրանից բան չեմ հիշում, ուրմեն էդ հաշիվ չէր։
Առաջինն, ում տեսնում եմ հայաթում, Չթոյի ախպեր Ճկլն ա...

Wednesday, October 21, 2015

Անորոշ մտորումներ պապենական ադաթների մասին

— Բա մեր պապերի ադաթն ու դրվածքը… խելոք էին էլի մեր պապերը… մեր պապերի խելքը որ ունենայի՜նք...

Խելոք էի՞ն։

Պապերի հատկապես ո՞ր սերունդն էր ավելի խելոք։ Ո՞ր դարի «վիպուսկը»։ Նրա՞նք, որ թատրոն էին խաղում, երբ էսօրվա եվրոպացիքի պապերը դեռ ծառերի վրա էին ապրում, թե՞ նրանք, որ Կիլիկիայում Հայաստանի «ֆիլիալը» բացեցին… գուցե նրա՞նք, որ Հայաստանը մի ծովից հասցրին մինչև մյուսը, կամ նրա՞նք, որ կարմիր խնձորի ադաթին ֆորմալ ձևակերպում տվեցին՝ հաջորդ սերունդների բարոյական կերպարը ամուր պահելու համար… Չեմ հեգնում, ազնիվ խոսք… ուղղակի գրավոր մտածում եմ՝ ո՞րն է սերունդների հավաքական խելքի գնահատման չափանիշը։

Wednesday, May 20, 2015

Կարծիք հայտնելու անտանելի թեթևությունը

Արա, բայց շատ ղոչչաղացրեց մեզ էս ինտերնետը։ Մեր համար Սովետ Միության մեջ միջին կյանքով ապրում էինք՝ միջին ունակությունների տեր, միջին ակնկալիքներով ու միջին ամբիցիաներով միջին քաղաքացիներս։ Գորշություն էր, երևի։ Բայց երբ բոլորը միջին էին, մի հայացքը հերիք էր էդ միջինությունից առանձնացող Անհատներին նշմարելու համար՝ ոնց դաշտում խոյացած ծառերի. ամեն կողմից երևում են։ Սովետ Միություն որ փլվավ, տեղեկատվական տեխնոլոգիաներ որ զարգացան, սքայփ ու «ադնակլասննիկ» որ սփռվան ընդ երկիրս, մի էական բան փոխվեց. առաջ թե հեռուստացույցի էն հաստ-ակնոցավոր ձյաձյան համահավասար բոլորին էր դիմում ու պատմում կոլխոզի նվաճումների մասին, ապա հիմի պլանշետի ու սմարթֆոնի միջից մեզ են դիմում որպես անհատականությունների։ Սիրելի բաժանորդն անուն ունի, ծննդյան օր ունի, նախասիրություններ ունի… ու դրանց մասին ջուջուլն ու յուր բոտերը քաջ տեղյակ են… Բայց ու՞մ ա հետաքրքրում՝ բոտն ա տեղյակ, թե նորին մեծությունններ Բրինն ու Ցուկերբերգն անձամբ։ Կարևորն էն ա, որ ջուջուլի առաջին էջին ծնունդդ շնորհավորելու համար հեփփի բյոզդըն պատշաճ գրվում ա։ Փաստորեն Ջուջուլն ա գրում, արա՛, ՋՈՒՋՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ, արա՛, ջոկում ե՞ք…