Showing posts with label բա մեր տոլմեն. Show all posts
Showing posts with label բա մեր տոլմեն. Show all posts

Monday, December 7, 2015

Կեցցե՞ այն Հայաստանը, որ էսօր եկավ, կամ՝ խումհարից հետո

Առավոտ զարթուցիչի զնգոցն ուրիշ էր։ Մի տեսակ ավելի երգեցիկ, ավելի լավատեսական։
Քնաթաթախ վեր եմ կենում, ակնկալելով ուժեղ գլխացավ ու խումհար՝ էրեկվա արաղից, ու, հատկապես, Գուգոյի բերած էն խոտից հետո։ Բայց արի ու տես՝ գլուխս չի ցավում, գիտակցությունս պարզ է։ Աշտոժ։

Տունը տաք է։

Չի կարող պատահել, ո՞նց կարող է տունը տաք լինել, եթե արդեն մի շաբաթ կլինի՝ գազն անջատել են չվճարումների պատճառով։ Ձեռքս դնում եմ ջառուցիչին ու արագ ետ եմ քաշում։ Տաք է։ Ախր ո՞նց կլինի։ Վազում եմ Բաքսիի մոտ. 80 աստիճանի վրա բլթբլթում է։

Wednesday, October 21, 2015

Անորոշ մտորումներ պապենական ադաթների մասին

— Բա մեր պապերի ադաթն ու դրվածքը… խելոք էին էլի մեր պապերը… մեր պապերի խելքը որ ունենայի՜նք...

Խելոք էի՞ն։

Պապերի հատկապես ո՞ր սերունդն էր ավելի խելոք։ Ո՞ր դարի «վիպուսկը»։ Նրա՞նք, որ թատրոն էին խաղում, երբ էսօրվա եվրոպացիքի պապերը դեռ ծառերի վրա էին ապրում, թե՞ նրանք, որ Կիլիկիայում Հայաստանի «ֆիլիալը» բացեցին… գուցե նրա՞նք, որ Հայաստանը մի ծովից հասցրին մինչև մյուսը, կամ նրա՞նք, որ կարմիր խնձորի ադաթին ֆորմալ ձևակերպում տվեցին՝ հաջորդ սերունդների բարոյական կերպարը ամուր պահելու համար… Չեմ հեգնում, ազնիվ խոսք… ուղղակի գրավոր մտածում եմ՝ ո՞րն է սերունդների հավաքական խելքի գնահատման չափանիշը։

Wednesday, July 1, 2015

Փոքր Մհեր 2

զԱրուսյակ եւ զԼուսնթագ որ միացան՝
Մհեր Ագռավաքարի դուռ էբաց,
զՔուկիկ Ջալալին նստավ, ելավ լուս աշխարհ։
Ասաց. — Գնամ տեսնեմ գարին դարձե՞լ ընկույզի չափ։
Ասաց, խթանեց Քուռկիկ Ջալալին,
Գնաց կայնավ բլրի գլուխ,
Ձիու գլուխ կոռեց դեպի Մասիս,
Քըշեց, չուրի լուս էբաց։
Մտիկ արեց, տեսավ աշխարհ փոխվել.
Տեսավ՝ հանդի մեջտեղ մի հարթ ճամփա,
Վրան անձի-անջորի կառքեր կ՛էթան, կգան։
Մհեր ձին քշեց ճամփի մեջտեղ։
Էրկաթի սիպտակ կառքի անիվներից տհաճ ձէն մ՚ելավ,
Կառք կայնավ։
Կառքի միջից դիվական ձեն մ՚էլավ.

— Խշշ, խշշշ… ձին երթևեկելի մասից քաշեք, քաղաքացի… խշշշ…

Wednesday, May 20, 2015

Կարծիք հայտնելու անտանելի թեթևությունը

Արա, բայց շատ ղոչչաղացրեց մեզ էս ինտերնետը։ Մեր համար Սովետ Միության մեջ միջին կյանքով ապրում էինք՝ միջին ունակությունների տեր, միջին ակնկալիքներով ու միջին ամբիցիաներով միջին քաղաքացիներս։ Գորշություն էր, երևի։ Բայց երբ բոլորը միջին էին, մի հայացքը հերիք էր էդ միջինությունից առանձնացող Անհատներին նշմարելու համար՝ ոնց դաշտում խոյացած ծառերի. ամեն կողմից երևում են։ Սովետ Միություն որ փլվավ, տեղեկատվական տեխնոլոգիաներ որ զարգացան, սքայփ ու «ադնակլասննիկ» որ սփռվան ընդ երկիրս, մի էական բան փոխվեց. առաջ թե հեռուստացույցի էն հաստ-ակնոցավոր ձյաձյան համահավասար բոլորին էր դիմում ու պատմում կոլխոզի նվաճումների մասին, ապա հիմի պլանշետի ու սմարթֆոնի միջից մեզ են դիմում որպես անհատականությունների։ Սիրելի բաժանորդն անուն ունի, ծննդյան օր ունի, նախասիրություններ ունի… ու դրանց մասին ջուջուլն ու յուր բոտերը քաջ տեղյակ են… Բայց ու՞մ ա հետաքրքրում՝ բոտն ա տեղյակ, թե նորին մեծությունններ Բրինն ու Ցուկերբերգն անձամբ։ Կարևորն էն ա, որ ջուջուլի առաջին էջին ծնունդդ շնորհավորելու համար հեփփի բյոզդըն պատշաճ գրվում ա։ Փաստորեն Ջուջուլն ա գրում, արա՛, ՋՈՒՋՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ, արա՛, ջոկում ե՞ք…