Առավոտ զարթուցիչի զնգոցն ուրիշ էր։ Մի տեսակ ավելի երգեցիկ, ավելի լավատեսական։
Քնաթաթախ վեր եմ կենում, ակնկալելով ուժեղ գլխացավ ու խումհար՝ էրեկվա արաղից, ու, հատկապես, Գուգոյի բերած էն խոտից հետո։ Բայց արի ու տես՝ գլուխս չի ցավում, գիտակցությունս պարզ է։ Աշտոժ։
Տունը տաք է։
Չի կարող պատահել, ո՞նց կարող է տունը տաք լինել, եթե արդեն մի շաբաթ կլինի՝ գազն անջատել են չվճարումների պատճառով։ Ձեռքս դնում եմ ջառուցիչին ու արագ ետ եմ քաշում։ Տաք է։ Ախր ո՞նց կլինի։ Վազում եմ Բաքսիի մոտ. 80 աստիճանի վրա բլթբլթում է։
Արագ արագ հագնվում եմ, վազում՝ սառնարանից հանեմ երեկվանից էնտեղ մենակյաց պարփակված կիսատ թթվասերը՝ տան տաքության պարադոքսը կուշտ փորով ավելի ուշ վերաիմաստավորելու մտայնությամբ։ Բացում եմ սառնարանի դուռն ու պապանձվում… ՍԱՍ սուպերմարքեթի էլիտար սննդամթերքի բաժինը գլուխը պատին ա տվել։ Չէ, հաստատ տանը գաղտնի տեսախցիկ են դրել ու վրաս կայֆավատ են լինում։ Ակամա ստուգում եմ շալվարիս ցեպը հասցրել ե՞մ քաշել, թե՞ չէ։ Քաշել եմ։ Ժպտում եմ անտեսանելի հանդիսատեսին, սպասում եմ, որ հիմա ինչ որ չէինսպասումներ ներս կխուժեն ու ինձ նվեր կթողնեն մի երկու չիպս ու մի տուփ խնձորի հյութ։ Չկան։ Ձանձրանում եմ։ Դուրս եմ գալիս տնից։ Դեկտեմբերի 7-ն է, իսկ դուրսը՝ կանաչ։ Ախր իրիկուն սառած էին փողոցները։ Լավ հիշում եմ. ընտրատեղամասից որ եկա, քիչ էր մնում գյաբրլամիշ լինեի մուտքի դիմաց։ Հիմա ոչ միայն չոր է, այլ նաև մաքուր, լպստած․ Սպասեք… էն ասվալտի փոսե՞րն ուր են։ Էս գիշերվա կեսին ո՞վ էկավ նորոգեց շուրջբոլորը։
Մամիկոն ձյան կողոքվս անցավ ու բարևեց։
— Բարև, Մամիկոնձյա,— ասում եմ, ու… փորումս մի բան սեղմվում է… սպասեք… բարևե՞ց… Մամիկոնձյա՞ն… Էդ օռռաշ բիձեն կյանքում ոչ մեկին բարև տված չկար, ախր… քթի տակ կեղտոտ ուշունցներ տալով ման էր գալի, ինչի համար, չնայած ալեհեր տարիքին, օրը մի երկու մուշտի սրանից-նրանից ուտում էր… հիմի համ բարևեց, համ էլ ժպտա՞ց… ոտքերս թուլանում են…
Երթուղայինը մոտենում է։ Դուռը բացում եմ ու ականջներիս են հասնում Բեթհովենի իններորդի խրոխտ ելևեջները… Նայում եմ. պպզած մարդ չկա, մի նստատեղ էլ ազատ է։ Չեմ հանդգնում ներս մտնել։ Էդ պահին պտտվում է վարորդը, սև, մաքուր կոստյումով, օձիքին՝ թավշյա թիթեռնիկ, ձեռքին ձեռննցեր, ու դիմում ինձ.
— Աբյեր Սիրելի պառլամենտական երկրի քաղաքացի, համեցեք, նստեք, տեղը ձեր համար եմ պահել։ Եթե երաժշտությունը ձեր դուրը չի գալիս, կարող եմ ջազ դնել։ Չարլի Փարքերի նոր սկավառակ են առաքել սույն երթուղային գծի սեփականատերերը։
Վատ եմ։ Աչքերիս դիմաց մշուշվում է… զգում եմ, որ կորցնում եմ գիտակցությունս։
Լույս…
Շատ լույս…
Սպիտակ դիմակով երկու քնքուշ դեմք են վրաս կռացած։
— Սիրելի Վարսենիկ, ազատ քաղաքացին ուշքի է գալիս։ Անուշադրի սպիրտը հեռացրու։
— Շատ լավ, սիրելի Ռոզա Զավենի։
— Որտե՞ղ եմ,— նվնվում եմ ես։
— Պառլամենտական Հոսպիտալում։ Ձեզ այստեղ շատ լավ կհետևեն, ինչպես, ի դեպ, նաև ցանկացած այլ բուժհաստատությունում։ Հանգիստ պառկեք, ազատ քաղաքացի։ Ձեր մոտ կոգնիտիվ դիսոնանսային անակնկալության սինդրոմ է։ Փոփոխված և բարելավված իրականությանը ձեր գիտակցությունը չի կարողանում արագ հարմարվել։ Նորմալ է։ Հոսպիտալում հազարավոր քաղաքացիներ են պառկած նույն ախտորոշմամբ։ Մենք բոլորիդ մասին շատ լավ հոգ կտանենք։ Սիրելի Վարսենիկ,— պտտվում է Վարսենիկին,— հոգ տանել ասացի, միտս եկավ. քաղաքացուն հոգնա արեք, խնդրում եմ,— գոլ ջրով և ջրի մեջ մի փոքր բալի մուրաբա ավելացրեք։ Ներսում քաղցրության զգացումը կօգնի ընկալել օբյեկտիվ իրականության ընկալմանը։
Գրպանումս շոշափում եմ վերջին հազարանոցը։ Էս քաղցրմեղցրությունը ձրի չի կարող լինել։ Հարմար պահ եմ գտնում ու սահեցնում վարսենիկի գրպանը։
— Մերսի Վարսիկ ծյա։
— Էս ի՞նչ եք անում, քաղաքացի։ Հիմա ոստիկանություն կկանչեմ։ Կաշառք ե՞ք տալիս։ Ոստիկա՜ն, ոստիկա՜ն…
— Կներեք, ես չգիտեի… ես… ես… մի կանչեք ոստիկաններին…
— Վարսենիկ, այս անգամ եկ ոստիկան չկանչենք։ Քաղաքացին օբյեկտիվ իրականության ընկալման խնդիր ունի։ Հին մտայնությամբ է մոտեցել հարցին․ չի պատկերացնում, որ երեկվանից լրիվ այլ երկիր ունենք։ Քաղաքացի, ետ վերցրեք ձեր հազար դրամը և պինդ պահեք։ Այն այժմ մոտ 2500 դոլարին համարժեք գումար է՝ համաձայն նոր պառլամենտական փոխարժեքի։ Այլևս նման կերպ միք վարվի։ Մեր նորացված հայրենիքում կոռուպցիան և կաշառակերությունը էլի նույն բանն են դարձել և խստիվ արգելված են ոչ միայն գրված, այլ նաև չգրված օրենքներով։ Իսկ հիմա պառկեք, հանգստացեք, քաղաքացի։ Ձեզ նոր, երջանիկ ու անհոգ կյանք է սպասվում։ Սիրելի Վարսենի, հեռուստացույցը միացրեք, թող քաղաքացին վերջնականապես ուշքի գա։
Առաջին Լրատվականի գեղեցկադեմ մեկնաբանուհին ներկայացնում է Հայաստանի բազմադարյան պատմության մեջ առաջին իրական և թափանցիկ ընտրությունների արդյունքները։ Հետին ֆոնին հրապարակով քայլում են արտագնա աշխատանքից գիշերով վերադարձած միլիոնավոր հայեր, դրոշները պարզած ուռա են գոռում, այրում ամերիկայի ու կանադայի անձնագրերը։ Մի մեծ խարույկ է։
Ամբոխը ձեռքների վրա հրապարակ է բերում ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, Վարչապետին, Շմայսին, այլ պաշտոնավոր անձնանց ու վեր նետում՝ ներկաների հիացական բացականչությունների ներքո։ Ստամբուլից վերադարձած՝ արնակարմիր շորերով դաշնակները հրավառություն են անում։ Համատարած տոն է։ Ամբոխը ցնծում է ու փառք տալիս նոր սահմանադրության հեղինակներին։
Խումհարը կամաց կամաց թողնում է, պատկերները՝ մշուշվում։
Երեկվա արաղը լավն էր… Գուգոյի խոտն էլ…
No comments:
Post a Comment