Friday, November 27, 2015

Ծուռ հայելիների աշխարհում կամ ձյունե թագուհի դվա. աբստրակտ հեքիաթ

Մարկն ու Չանը սիրում էին բարձրանալ կտուր, արևկող անել կղմինդրի վրա ու երազե՜լ, երազե՜լ… Մի օր, ձմեռնամուտին, երբ փոքրիկ Մարկը մոտակա հնոտիքի շուկայից ձեռք բերած իր կապույտ հայելին էր փայլեցնում, վերջինս պատահաբար սահենց նրա փոքրիկ ու փափլիկ ձեռքերից ու, կտուրից ուժգին ընկնելով սալահատակին, բյուրավոր փշուրների բաժանվեց։ Փշուրները թռան շուրջբոլորը և, մարդկանց աչքերից, ականջներից, քթերից սպրդելով նրանց մարմինները, արյան հետ հոսեցին դեպի նրանց սրտերն ու էնտեղ էլ ամրացան։ Իսկ կապույտ հայելում, ինչպես հին վիկինգներն էին հավատում, ապրում էր Սոցցանցե Թագուհին՝ Մուննաթի Թագավորի քույրը՝ մի չար, նախանձ, ինքնավստահ, փառամոլ պառավ կին։ Ու չար պառավի ազդեցության տակ գտնվող, նրա մասնիկը հանդիսացող հայելու բյուրավոր փշուրները մշուշեցին մարդկանց հայացքներն ու սառեցրին սրտերը, աղավաղեցին մարդկանց շրջապատող իրականությունը։ Փշուրները սրտերում՝ մարդիկ սկսեցին աշխարհն ընկալել Սոցցանցե Թագուհու աչքերով ու ականջներով, իսկ որ ամենավատն է՝ թագուհու սրտով։ Նրանց սրտերը կարծրացան, զգացմունքները բթացան, իսկ սեփական անձերի նկատմամբ կարծիքները խոյացան Էլբրուսի գագաթից էլ վեր։ Մարդիկ սկսեցին իրենց համարել ցանկացած ոլորտի խորը մասնագետներ, սկսեցին քննարկել մյուսների բոլոր արարքները, պիտակել ու չարախնդալ բոլորի վրա։


Մարդիկ դադարեցին խոսել միմյանց հետ ու այցելել միմյանց։ Դրա փոխարեն նրանք ձեք բերեցին կապույտ հայելիներ ու առավոտից երեկո սկսեցին ակնդետ նայել իրենց կախարդական հայելիներին՝ մատները սահեցնելով փիսիկների զանազան անիմաստ պատկերներ թերթել, իրենց՝ հակաճառում չհանդուրժող կարծիքներն ուղարկել աշխարհում կատարվող ամեն դեպքի վերաբերյալ։ Մարդիկ մոռացան իրենց գրերն ու սկսեցին իրար հետ շփվել Սոցցանցե Թագուհու անհասկանալի գրերով, որ միայն մեծատառեր ուներ ու ամեն տառն անհրաժեշտ էր հնարավորինս շատ կրկնել։

Ու սնվելով մարդկանց սառող սրտերի ջերմությունից, Սոցցանցե թագուհին վերականգնեց իր՝ դեռ Ատլանտների դարաշրջանում կորցրած երբեմնի հզորությունը, սկսեց կառավարել երկրներ ու պետություններ, ազգեր հանեց իրար դեմ ու պատերազմներ սկսեց ողջ երկրագնդի վրա։ Մինչև էշ-էշ չպայթեցրեց էլակտրաէներգիայի վերջին գեներատորը։

Պայթյունից հետո ողջ մնացած մարդկանց օրգանիզմներից բնական եղանակով դուրս սպրդեցին հայելու փշուրներն ու շուրջբոլորը լցրեցին գարշահոտություններով։ Բայց մարդիկ ուրախ էին, որ էլի կարող են իրար հետ շփվել, իրար երես տեսնել, իրար հյուր գնալ, գնումներ կատարել հնոտիքների շուկաներից։ Հավաքվեցին մարդիկ, գնացին գտան փոքրիկ Մարկին, մաշկահան արեցին ու լեշը գցեցին շներին։ Իսկ մաշկի մեջ լցնելով արդեն անպիտան դարձած հայելու փշուրները, փոքրիկ Մարկի տիկը ցցեցին հրապարակում՝ ի տեսություն բոլորի և ի հիշատակ Սոցցանցե թագուհու մռայլ տիրապետության։

Եվ փոքրիկ Չանը անիծեց մարդկանց՝ փոքրիկ ու անմեղ Մարկի դաժան հաշվեհարդարի համար։ Ու փոքրիկ Չանի անեծքից չորացան մարդկանց բութ մատները, որով նրանք հավանում էին մյուսների զանազան անիմաստ արարքները, և ցուցամատները, որոնցով նրանք փիսիկների պատկերներ էին թերթում։ Ու մարդիկ չկարողացան այլևս դանակներ ու պատառաքաղներ բռնել, շատերը սովամահ եղան, իսկ ողջ մնացածները կռացան ու սկսեցին սնվել էստեղ ու էնտեղ աճած կանաչեղենով… Մի խոսքով, մի ախմախ լակոտի պատճառով մարդկությունը հետադարձ էվոլյուցիա ապրեց։

Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը սոցցանցերի էն օգտատերերին, որոնք իրենց կարծիքը հիմնավորում են, նոր են գրում, մյուսը՝ էն օգտատերերին, որ կարծիքների փոխանակումը չեն անձնավորում քննադատում են կարծիքները, ոչ թե դրանց արտահայտողներին, իսկ երրորդը՝ ինձ, քանի որ առանց ցուցամատի ու բութ մատի տեքստ հավաքելն ահագին դժվար ա։

No comments:

Post a Comment