Showing posts with label մալևիչ. Show all posts
Showing posts with label մալևիչ. Show all posts

Monday, December 7, 2015

Կեցցե՞ այն Հայաստանը, որ էսօր եկավ, կամ՝ խումհարից հետո

Առավոտ զարթուցիչի զնգոցն ուրիշ էր։ Մի տեսակ ավելի երգեցիկ, ավելի լավատեսական։
Քնաթաթախ վեր եմ կենում, ակնկալելով ուժեղ գլխացավ ու խումհար՝ էրեկվա արաղից, ու, հատկապես, Գուգոյի բերած էն խոտից հետո։ Բայց արի ու տես՝ գլուխս չի ցավում, գիտակցությունս պարզ է։ Աշտոժ։

Տունը տաք է։

Չի կարող պատահել, ո՞նց կարող է տունը տաք լինել, եթե արդեն մի շաբաթ կլինի՝ գազն անջատել են չվճարումների պատճառով։ Ձեռքս դնում եմ ջառուցիչին ու արագ ետ եմ քաշում։ Տաք է։ Ախր ո՞նց կլինի։ Վազում եմ Բաքսիի մոտ. 80 աստիճանի վրա բլթբլթում է։

Friday, November 27, 2015

Ծուռ հայելիների աշխարհում կամ ձյունե թագուհի դվա. աբստրակտ հեքիաթ

Մարկն ու Չանը սիրում էին բարձրանալ կտուր, արևկող անել կղմինդրի վրա ու երազե՜լ, երազե՜լ… Մի օր, ձմեռնամուտին, երբ փոքրիկ Մարկը մոտակա հնոտիքի շուկայից ձեռք բերած իր կապույտ հայելին էր փայլեցնում, վերջինս պատահաբար սահենց նրա փոքրիկ ու փափլիկ ձեռքերից ու, կտուրից ուժգին ընկնելով սալահատակին, բյուրավոր փշուրների բաժանվեց։ Փշուրները թռան շուրջբոլորը և, մարդկանց աչքերից, ականջներից, քթերից սպրդելով նրանց մարմինները, արյան հետ հոսեցին դեպի նրանց սրտերն ու էնտեղ էլ ամրացան։ Իսկ կապույտ հայելում, ինչպես հին վիկինգներն էին հավատում, ապրում էր Սոցցանցե Թագուհին՝ Մուննաթի Թագավորի քույրը՝ մի չար, նախանձ, ինքնավստահ, փառամոլ պառավ կին։ Ու չար պառավի ազդեցության տակ գտնվող, նրա մասնիկը հանդիսացող հայելու բյուրավոր փշուրները մշուշեցին մարդկանց հայացքներն ու սառեցրին սրտերը, աղավաղեցին մարդկանց շրջապատող իրականությունը։ Փշուրները սրտերում՝ մարդիկ սկսեցին աշխարհն ընկալել Սոցցանցե Թագուհու աչքերով ու ականջներով, իսկ որ ամենավատն է՝ թագուհու սրտով։ Նրանց սրտերը կարծրացան, զգացմունքները բթացան, իսկ սեփական անձերի նկատմամբ կարծիքները խոյացան Էլբրուսի գագաթից էլ վեր։ Մարդիկ սկսեցին իրենց համարել ցանկացած ոլորտի խորը մասնագետներ, սկսեցին քննարկել մյուսների բոլոր արարքները, պիտակել ու չարախնդալ բոլորի վրա։

Wednesday, July 1, 2015

Փոքր Մհեր 2

զԱրուսյակ եւ զԼուսնթագ որ միացան՝
Մհեր Ագռավաքարի դուռ էբաց,
զՔուկիկ Ջալալին նստավ, ելավ լուս աշխարհ։
Ասաց. — Գնամ տեսնեմ գարին դարձե՞լ ընկույզի չափ։
Ասաց, խթանեց Քուռկիկ Ջալալին,
Գնաց կայնավ բլրի գլուխ,
Ձիու գլուխ կոռեց դեպի Մասիս,
Քըշեց, չուրի լուս էբաց։
Մտիկ արեց, տեսավ աշխարհ փոխվել.
Տեսավ՝ հանդի մեջտեղ մի հարթ ճամփա,
Վրան անձի-անջորի կառքեր կ՛էթան, կգան։
Մհեր ձին քշեց ճամփի մեջտեղ։
Էրկաթի սիպտակ կառքի անիվներից տհաճ ձէն մ՚ելավ,
Կառք կայնավ։
Կառքի միջից դիվական ձեն մ՚էլավ.

— Խշշ, խշշշ… ձին երթևեկելի մասից քաշեք, քաղաքացի… խշշշ…