Showing posts with label հեքիաթ. Show all posts
Showing posts with label հեքիաթ. Show all posts

Tuesday, December 17, 2019

Խոսող մարդը

... կեսգիշերին դուռը դղրդում է։
— Ո՞վ է։ 
— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։
Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։
— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է նախորդ իրիկունը իրենց տունը գիշերելու խնդրանքով հյուրընկալված անթրաշ հյուրը ու գնում է դեպի դուռը։
— Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։
— Ո՞րտեղից ես եկել։
— Էն քաղաքից։
— Ընչո՞վ ես եկել։
— Քայլելով։

Thursday, July 18, 2019

Գեղցին ու ձուկը (կրճատումներով)

Ժուկով ժամանակով մի գեղցի է լինում։ Էս գեղցին մի գարնանային օր որոշում է իրենց գեղի կողքի առվից ձուկ բռնի, ուտի, կշտանա։ Ուռկանը գցում է առուն, հետ քաշում, մեկ էլ ինչ. պարզվում է կեռին մի ոսկե ձուկ է ռաստվել։ Ոսկե, և, ըստ երևույթին, բավական դեբիլ ձուկ, քանի որ կապուտակ օվկիանոսում գտնվող իր պապենական պալատը, իր ծառաներին ու իր արքայավայել ուտեստները թողած՝ հոսանքնիվեր լողալով հասել էր Աղստև գետը լցվող մի ինչ որ անհայտ առու ու էնտեղ փորձել համտեսել էն գեղցու կողմից իր կարթի ժանգոտած կեռին հագցրած մի լղար անձրևորդի։ 

Էս ձուկը մարդկային լեզվով, բայց ահագին ցածր տոնայնությամբ (քանի որ ձայնալարերը, համապատասխանաբար, մարդկայինից փոքր էին) ասում է, թե. ա՛յ գեղցի, ինձ բաց թող, քո ամենանվիրական երեք ցանկությունները կիրականացնեմ։

Tuesday, June 4, 2019

Տերն ու երջանիկ ծառան. լրամշակված տարբերակ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծաոա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային. ասում է՝ «քեզ ռոճիկ չեմ տա, փոխարենը՝ երջանիկ կսարքեմ»։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ի՞նչ պետք է պատահի։ Մին է՝ վերջին հաշվով փողն ինչի՞ն է պետք. որ ինքը, կինն ու երեխեքն իրենց երջանիկ զգան։ 

Ասում է լավ. համաձայնում է։

Պայմանը կապում են ու մտնում ծառայության։

Thursday, November 24, 2016

Չինովնիկն ու հրեշը

— Գիտեմ, ինչու ես եկել,— ասաց հրեշը,— հիմարություն է ուզածդ, բայց ես կօգնեմ քեզ։ Դու ուզում ես քաղաքական հենարան ու ուզում ես կիսես պատասխանատվությունը... ու էլի հինգ բան էլ ես ուզում, որ էդքան էլ չհասկացա, բայց դե, անցած լինի...
Ու հրեշն բարձր ծիծաղեց։

— Լավ, դու ճիշտ ժամանակին ես եկել։ Ես մի թուրմ կպատրաստեմ ու մի բարաթ կտամ։ Գիշերը մի չղջիկ կբռնես, կտաս դրանից շաուրմա սարքեն, կետչուպ֊մայոնեզով, բայց առանց թթու վարունգի կուտես, հետո կստորագրես էդ բարաթը ու կթողնես Թոխմախի մուտքի դիմաց։ Էդ ժամանակ կստանաս դու քո քաղաքական հենարանը։

Friday, November 27, 2015

Ծուռ հայելիների աշխարհում կամ ձյունե թագուհի դվա. աբստրակտ հեքիաթ

Մարկն ու Չանը սիրում էին բարձրանալ կտուր, արևկող անել կղմինդրի վրա ու երազե՜լ, երազե՜լ… Մի օր, ձմեռնամուտին, երբ փոքրիկ Մարկը մոտակա հնոտիքի շուկայից ձեռք բերած իր կապույտ հայելին էր փայլեցնում, վերջինս պատահաբար սահենց նրա փոքրիկ ու փափլիկ ձեռքերից ու, կտուրից ուժգին ընկնելով սալահատակին, բյուրավոր փշուրների բաժանվեց։ Փշուրները թռան շուրջբոլորը և, մարդկանց աչքերից, ականջներից, քթերից սպրդելով նրանց մարմինները, արյան հետ հոսեցին դեպի նրանց սրտերն ու էնտեղ էլ ամրացան։ Իսկ կապույտ հայելում, ինչպես հին վիկինգներն էին հավատում, ապրում էր Սոցցանցե Թագուհին՝ Մուննաթի Թագավորի քույրը՝ մի չար, նախանձ, ինքնավստահ, փառամոլ պառավ կին։ Ու չար պառավի ազդեցության տակ գտնվող, նրա մասնիկը հանդիսացող հայելու բյուրավոր փշուրները մշուշեցին մարդկանց հայացքներն ու սառեցրին սրտերը, աղավաղեցին մարդկանց շրջապատող իրականությունը։ Փշուրները սրտերում՝ մարդիկ սկսեցին աշխարհն ընկալել Սոցցանցե Թագուհու աչքերով ու ականջներով, իսկ որ ամենավատն է՝ թագուհու սրտով։ Նրանց սրտերը կարծրացան, զգացմունքները բթացան, իսկ սեփական անձերի նկատմամբ կարծիքները խոյացան Էլբրուսի գագաթից էլ վեր։ Մարդիկ սկսեցին իրենց համարել ցանկացած ոլորտի խորը մասնագետներ, սկսեցին քննարկել մյուսների բոլոր արարքները, պիտակել ու չարախնդալ բոլորի վրա։