Tuesday, December 17, 2019

Խոսող մարդը

... կեսգիշերին դուռը դղրդում է։
— Ո՞վ է։ 
— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։
Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։
— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է նախորդ իրիկունը իրենց տունը գիշերելու խնդրանքով հյուրընկալված անթրաշ հյուրը ու գնում է դեպի դուռը։
— Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։
— Ո՞րտեղից ես եկել։
— Էն քաղաքից։
— Ընչո՞վ ես եկել։
— Քայլելով։
— Ուրեմն՝ էն քաղաքը մոտիկ է եղել։
— Ի՜նչ մոտիկ, մինչև հասա ողջ ազգը, գլենդելահայությունն էլ հետը, շերեփները ձեռներին միացան իմ քայլին։
— Ուրեմն՝ ազգը պուճուր է եղել։
— Ի՜նչ պուճուր․ մեեեծ հրապարակը որ լցրին, հին արքաները լեղապատառ փախան։
— Ուրեմն՝ արքաները վախկոտ են եղել։
— Ի՜նչ վախկոտ․ մի տարի է դատ ու դատաստան եմ անում վրաները, դեռ իրար վրա չեն գրել։
— Ուրեմն՝ դատախազդ անպատրաստ է եղել։
— Ի՜նչ անպատրաստ, աշխատանքի երկար փորձ ունի։
— Ուրեմն դատախազդ հին կոռումպացված չինովնիկներից է։
— Ի՜նչ կոռումպացված, որ մեր երկրում այլևս կոռուպցիա չկա։
— Ուրեմն՝ երկիրը Շվեյցարիան է։
— Ի՜նչ Շվեյցարիա, որ Շվեյցարիա գնալու համար մի թափ-թազա ռեակտիվ ինքնաթիռ եմ գնելու։
— Ուրեմն՝ հանրային միջոցները ձեր անձնական կարիքների համար եք օգտագործում։
— Ի՜նչ անձնական կարիք, որ ողջ ունեցած չունեցածներս տարել մուծել ենք մեր կուսակցության ֆոնդին։
— Ուրեմն՝ դեկլարացիաները սուտ են։
— Ի՜նչ սուտ, որ սրանից առաջ փոշեծծիչն էլ վարկով էինք առնում։
— Ուրեմն՝ կողքից օգնող կա։
— Ի՜նչ օգնող, որ սկի ներսից օգնող չեմ կարողանում գտնել։
— Ուրեմն՝ թիմդ լավը չի։
— Ո՜նց լավը չի, որ ասեմ քվեարկեք թե մածունը սև է, տեղում կքվեարկեն, եթե իհարկե կոճակ սեղմելու ձևը չմոռանան։
— Ուրեմն խորհրդարանդ ձեռնասուն է։
— Ինչ ձեռնասուն, որ մեռա ասելով ավել-պակաս բերաններդ մի բացեք, էլի էշ-էշ դուրս են տալիս հարցազրույցների վախտը։
— Ուրեմն ասելիք չունեք։
— Ո՜նց չունենք, որ առավոտվանից իրիկուն լայվ ենք մտնում ու ստատուս գրում ու մի կես միլիոն մարդ լայքում ու սրտիկում է։
— Ուրեմն՝ լայքողները ֆեյք են։
— Ի՜նչ ֆեյք, որ մի կանչովս բոլորը հավաքվեցին ու էն կոմիկ դերասանին քաղաքապետ կարգեցին։
— Ուրեմն՝ քաղաքապետը անկարող է։
— Ի՜նչ անկարող, որ աղբահանության հարցը տեղում լուծեց։
— Ուրեմն՝ մեջը քյար ունի։
— Ի՜նչ քյար, որ հարուստներից փողն առնում է, փոխանակ իր գրպանը դնի, կամազ է առնում քաղաքի համար։
— Ուրեմն՝ հարուստները քյար ունեն։
— Հա, ունեն։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ դռան ետևում մի ուժ կա՝ հռետոր, դուխով, անտարամաբանական, որ ինչ էլ ասի, «ասնավանի» է համարվելու բոլորի համար, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ, հետը տանելով ներդրումների համար նախապատրաստած գումարը։

Երկնքից ընկավ երեք խնձոր, բայց «Ազատություն ռադիոկայանը» հայտարարեց, որ խնձորները անանաս էին ու հատը 25 կիլոգրամ, ու որ չէին ընկել, այլ ուղարկել էր Դմիտրի Մեդվեդևը՝ ի նշան խորը հարգանքի։ 

No comments:

Post a Comment