Wednesday, October 21, 2015

Անորոշ մտորումներ պապենական ադաթների մասին

— Բա մեր պապերի ադաթն ու դրվածքը… խելոք էին էլի մեր պապերը… մեր պապերի խելքը որ ունենայի՜նք...

Խելոք էի՞ն։

Պապերի հատկապես ո՞ր սերունդն էր ավելի խելոք։ Ո՞ր դարի «վիպուսկը»։ Նրա՞նք, որ թատրոն էին խաղում, երբ էսօրվա եվրոպացիքի պապերը դեռ ծառերի վրա էին ապրում, թե՞ նրանք, որ Կիլիկիայում Հայաստանի «ֆիլիալը» բացեցին… գուցե նրա՞նք, որ Հայաստանը մի ծովից հասցրին մինչև մյուսը, կամ նրա՞նք, որ կարմիր խնձորի ադաթին ֆորմալ ձևակերպում տվեցին՝ հաջորդ սերունդների բարոյական կերպարը ամուր պահելու համար… Չեմ հեգնում, ազնիվ խոսքուղղակի գրավոր մտածում եմ՝ ո՞րն է սերունդների հավաքական խելքի գնահատման չափանիշը։

Thursday, October 15, 2015

Ներոնի մանր մուտիլովկաները կամ հաց և կայֆավատ

— Ո՜վ Ներոն, աստվածների թոռ և տնվոր Oլիմպոսի, թույլ տուր զեկուցել։
— Խոսի՛ր։
— Գաղութներից մեկում խռովություն է կարծես հասունանում։ Տեղապահը խարդավանքներ է դյութել, մեր ազդեցությունից ուզում է սպրդի դուրս, ուզում է գահը առանց մեր օգնության պահել այլևս։
— Հիսուն հազար կենտուրիոն ղրկեք, թող ցբխեն նա խ$#։
— Կեսարն ապրած կենա, կենտուրիոնները լիգերին են էս պահին ցբխում ու մի քիչ էլ բաբելոնցիքին։ Իսկ էս պրինցիպատը, ամեն դեպքում, մեր դաշնակիցներն ա համարվում։ Կողքից լավ չի նայվի։
— Տա՜կ… լավ, կանչի ստեղ, գցենք առյուծների բերանը։ Համ էլ կուրախանանք։

Friday, October 2, 2015

Էլ Կապիտանի ու մաքինթոշի հայերեն բեջուռա տառատեսակի մասին

Մեր ծերուկ վաենկոմը, որ քառասուներեքին Լեհաստանում կանտուզիա էր ստացել, մի սիրելի խոսք ուներ, թե ավելի շուտ Գառնու ջուրը Մարս կհասցնեն, քան Mac OS-ի հայերեն բեջուռա տառատեսակը կդզվի։ Բիձու վրա խնդում էինք, քանի որ՝ ա) էն վախտ Մաքինթոշ անվանումը, գոնե իմ համար, ասոցացվում էր միմյայն պահածոների արքա Ջորջ Ռոբռոնսոնի աներձագի հետ (ով տեղը բերեց թե ում ի նկատի ունեմ, իրեն խորը ռեսփեքթ «Այդ ուր Մակինտոշ, այնտեղ խորն է… Կոմիսար, արի գնենք ռանչո, Ավստրալիայում…»), բ) Գառնու ջուրն էլ ժամով էին տալիս։

Wednesday, July 1, 2015

Փոքր Մհեր 2

զԱրուսյակ եւ զԼուսնթագ որ միացան՝
Մհեր Ագռավաքարի դուռ էբաց,
զՔուկիկ Ջալալին նստավ, ելավ լուս աշխարհ։
Ասաց. — Գնամ տեսնեմ գարին դարձե՞լ ընկույզի չափ։
Ասաց, խթանեց Քուռկիկ Ջալալին,
Գնաց կայնավ բլրի գլուխ,
Ձիու գլուխ կոռեց դեպի Մասիս,
Քըշեց, չուրի լուս էբաց։
Մտիկ արեց, տեսավ աշխարհ փոխվել.
Տեսավ՝ հանդի մեջտեղ մի հարթ ճամփա,
Վրան անձի-անջորի կառքեր կ՛էթան, կգան։
Մհեր ձին քշեց ճամփի մեջտեղ։
Էրկաթի սիպտակ կառքի անիվներից տհաճ ձէն մ՚ելավ,
Կառք կայնավ։
Կառքի միջից դիվական ձեն մ՚էլավ.

— Խշշ, խշշշ… ձին երթևեկելի մասից քաշեք, քաղաքացի… խշշշ…

Wednesday, May 20, 2015

Կարծիք հայտնելու անտանելի թեթևությունը

Արա, բայց շատ ղոչչաղացրեց մեզ էս ինտերնետը։ Մեր համար Սովետ Միության մեջ միջին կյանքով ապրում էինք՝ միջին ունակությունների տեր, միջին ակնկալիքներով ու միջին ամբիցիաներով միջին քաղաքացիներս։ Գորշություն էր, երևի։ Բայց երբ բոլորը միջին էին, մի հայացքը հերիք էր էդ միջինությունից առանձնացող Անհատներին նշմարելու համար՝ ոնց դաշտում խոյացած ծառերի. ամեն կողմից երևում են։ Սովետ Միություն որ փլվավ, տեղեկատվական տեխնոլոգիաներ որ զարգացան, սքայփ ու «ադնակլասննիկ» որ սփռվան ընդ երկիրս, մի էական բան փոխվեց. առաջ թե հեռուստացույցի էն հաստ-ակնոցավոր ձյաձյան համահավասար բոլորին էր դիմում ու պատմում կոլխոզի նվաճումների մասին, ապա հիմի պլանշետի ու սմարթֆոնի միջից մեզ են դիմում որպես անհատականությունների։ Սիրելի բաժանորդն անուն ունի, ծննդյան օր ունի, նախասիրություններ ունի… ու դրանց մասին ջուջուլն ու յուր բոտերը քաջ տեղյակ են… Բայց ու՞մ ա հետաքրքրում՝ բոտն ա տեղյակ, թե նորին մեծությունններ Բրինն ու Ցուկերբերգն անձամբ։ Կարևորն էն ա, որ ջուջուլի առաջին էջին ծնունդդ շնորհավորելու համար հեփփի բյոզդըն պատշաճ գրվում ա։ Փաստորեն Ջուջուլն ա գրում, արա՛, ՋՈՒՋՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ, արա՛, ջոկում ե՞ք…


Sunday, June 16, 2013

Լայքաբեր ներբող առ Քիմ Քարդաշյանի ընտանիքի համալրում

Օրն ունայն, անիմաստ... անհավես նայում եմ կոմպին.
Կիրակին էլ վաղուց ներդաշնակ համարվել չի կարող...
Կյանքը վազք է դարձել, իսկ վազելը՝ դժվար ու խրթին.
Լավ ա Քիմը ծնեց…
Իր բալին ես կուզում նվիրել հաղթական մի ներբող...

Թե վազորդ եմ ես. թե վազում էի դեպի փակուղի,
Թե վազքը կյանքիս լի էր զանազան խոչընդոտներով՝
Իմ ճամփան հարթվեց, առջևս չկա ոչ մի զարտուղի.
Չէ՞ որ Քիմը ծնեց…
Մարաթոնն անգամ անմռունչ կանցնեմ ջլուտ ոտքերով...

Ֆինիշին հասա. սիրտս իմ կրծքից ուզում է թռնի,
Ուզում է թռնի, օվկիանը կտրի, հասնի ծննդատուն,
Մի երկու մանեթ Քիմի բուժքույրի գրպանը խոթի...
Աչքալուս անի…
Աչքալուս տանի Քարդաշյան Քիմին ու իր սև մարդուն։

Թե գազը թանկ ա, ու թե ռոճիկը դժվար բարձրացվի,
Թե տնտեսական աճի արգասիքն օֆշոր է հոսում,
Թե գաղջ ու տխուր էս մթնոլորտը հազիվ թե ցրվի.
Մեր Քիմը ծնեց...
…ու լրահոսը պիտի խլացնի էն ցավ ու ցասում...

Saturday, April 10, 2010

Խոսք պատահական այցելուին

Ո՜վ այցելու,

Այցելել ես համեստ կայքս, տեսնես ի՞նչ ես որոնում,
Ի՞նչն է բերել քեզ իմ բլոգը, ո՞ր բառով ես «search» անում:
Գուցե ֆրե՞նդ ես ինձ փոխադարձ, գուցե եկել ես լինքո՞վ,
Թե՞ անցորդ ես պատահական՝ մոտս մտել հրաշքով:
Կամ ռիդերում քո էռէսէս օվանիտաս ֆի՞դը կա,
Թե՞ ԷՆ բառն ես դու որոնել... դրանից էստեղ չկա՛:
Ամեն դեպքում բարով եկար, քեզ ինչպես քո տանը զգա,
Պիտակներս որ քրքրես՝ պետքական բաներ էլ կան: