Sunday, June 16, 2013

Լայքաբեր ներբող առ Քիմ Քարդաշյանի ընտանիքի համալրում

Օրն ունայն, անիմաստ... անհավես նայում եմ կոմպին.
Կիրակին էլ վաղուց ներդաշնակ համարվել չի կարող...
Կյանքը վազք է դարձել, իսկ վազելը՝ դժվար ու խրթին.
Լավ ա Քիմը ծնեց…
Իր բալին ես կուզում նվիրել հաղթական մի ներբող...

Թե վազորդ եմ ես. թե վազում էի դեպի փակուղի,
Թե վազքը կյանքիս լի էր զանազան խոչընդոտներով՝
Իմ ճամփան հարթվեց, առջևս չկա ոչ մի զարտուղի.
Չէ՞ որ Քիմը ծնեց…
Մարաթոնն անգամ անմռունչ կանցնեմ ջլուտ ոտքերով...

Ֆինիշին հասա. սիրտս իմ կրծքից ուզում է թռնի,
Ուզում է թռնի, օվկիանը կտրի, հասնի ծննդատուն,
Մի երկու մանեթ Քիմի բուժքույրի գրպանը խոթի...
Աչքալուս անի…
Աչքալուս տանի Քարդաշյան Քիմին ու իր սև մարդուն։

Թե գազը թանկ ա, ու թե ռոճիկը դժվար բարձրացվի,
Թե տնտեսական աճի արգասիքն օֆշոր է հոսում,
Թե գաղջ ու տխուր էս մթնոլորտը հազիվ թե ցրվի.
Մեր Քիմը ծնեց...
…ու լրահոսը պիտի խլացնի էն ցավ ու ցասում...

Saturday, April 10, 2010

Խոսք պատահական այցելուին

Ո՜վ այցելու,

Այցելել ես համեստ կայքս, տեսնես ի՞նչ ես որոնում,
Ի՞նչն է բերել քեզ իմ բլոգը, ո՞ր բառով ես «search» անում:
Գուցե ֆրե՞նդ ես ինձ փոխադարձ, գուցե եկել ես լինքո՞վ,
Թե՞ անցորդ ես պատահական՝ մոտս մտել հրաշքով:
Կամ ռիդերում քո էռէսէս օվանիտաս ֆի՞դը կա,
Թե՞ ԷՆ բառն ես դու որոնել... դրանից էստեղ չկա՛:
Ամեն դեպքում բարով եկար, քեզ ինչպես քո տանը զգա,
Պիտակներս որ քրքրես՝ պետքական բաներ էլ կան: