Friday, January 19, 2018

Հայերեն գրաբար Աստվածաշունչն՝ էլեկտրոնային ընթերցիչների համար

Մոտ 2,5 տարի առաջ սկիզբ դրվեց հայերեն գրաբար Աստվածաշնչի էլեկտրոնային epub և mobi տարբերակների մշակման աշխատանքներին։ Առիթը qahana.am կայքում հայերեն գրաբար Աստվածաշնչի էլեկտրոնային տարբերակի ներկայացումն էր, որը վաղուց էի ուզում վերածել էլ. ընթերցիչների համար ընդունելի ձևաչափի։

Մինչ աշխատանքի ներկայացմանն անցնելը, մի քանի խոսք Աստվածաշնչի հայերեն տպագիր տարբերակների պատմությունից (ծաղկաքաղ է արված հետևյալ նյութից. Վահան Վարդապետ Տերյան, (1960) Աստվածաշնչի հայերեն տպագրության պատմությունից. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԺԷ (Թ)

Հայերեն Աստվածաշնչի առաջին հրատարակությունը (Ոսկան Երևանցի)


1656 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հրամանով Եվրոպա է մեկնում Փիլիպոս կաթողիկոսի քարտուղար Մատթեոս սարկավագ Սարեցին։ Սարեցին մոտ երկու տարի ժամանակ է վատնում Վենետիկում և Հռոմում՝ փորձելով ձեռնարկել հայերեն Աստվածաշնչի տպագրության աշխատանքները, սակայան կաթոլիկ հոգևորականության կողմից այդ ջանքերն արգելվում են և Սարեցին մեկնում է Հոլանդիա, որը ազատ բողոքական հանրապետություն էր, ուր ծաղկում էր հոլանդական գրականությունն ու արվեստը։

Ամստերդամում գործում էր Լյուդվիգ և Դանիել էլզեվիրների հարուստ տպարանը, որի համար տառեր փորագրողը մեծանուն Քրիստափոր Վան-Դեյկն էր։

Ահա այս արվեստագետին դիմում է Սարեցին և 1658 թվականի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրով Վան-Դեյկն մինչև 1660 թվականը պատրաստում է հայերեն երեք տեսակ տառեր Աստվածաշունչ տպագրելու համար։

Սակայն Սարեցին հիվանդանում է և, կանխատեսելով մոտալուտ մահը, տպարանի վիճակը տնօրինելու համար իր մոտ է կանչում Ղլիջենց Ավետիս անունով վաճառականին, առաջարկում նրան ընկերանալ իրեն հետ, վճարել տպարանի պարտքերը և ապա տպարանից ստացած շահույթից բաժին ստանալ, իսկ իր մահից հետո՝ տնօրինել տպարանը։ Ավետիսը, սակայն, մերժում է շահադիտական նպատակը, և առաջարկում տպարանը նվիրել Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի վանքին, որը գտնվում էր Էջմիածնի մոտակայքում, Ուշի գյուղի մոտ։ Ս.Սարգսի վանքի վանահայրն էր Ավետիսի եղբայր Ոսկան վարդապետը, Երևանցի կոչված։ Իր առաջարկած պայմանով Ղլիջենցը պատրաստ էր ոչ միայն իր բաժին փողը տալ, այլև անձամբ աշխատել տպարանում։

Մխիթար Սարեցին վախճանվում է 1661 թվի սկզբին։ Նրա սկսած հիմնարկությունը ստանում է «Տպարան Էջմիածնի և Ս. Սարգսի» անունը։

1662 թվականին, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հրամանով, և իր եղբայր Ավետիսի հրավերով, Ոսկան վարդապետը Էջմիածնից մեկնում է Հոլանդիա՝ գլուխ կանգնելու Հոլանդիայի Էջմիածնի տպարանին։

Ոսկան Երևանցին պատվիրում է նոր տառեր, այդ թվում նոտրագիր, նոր տեսակի գլխատառեր, թռչնագրեր և այլ զարդեր և ձեռնամուխ լինում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի տպագրությանը, որը շարունակվում է երկու տարի՝ 1666 թվականի մարտից մինչև 1668 թվականը։

Ոսկանի հրատարակած Աստվածաշունչը ունի հետևյալ անվանաթերթը.
«ԱՍՏՈԻԱԾԱՇՈՒՆՉ Հնոց և Նորոց Կտակարանաց, ներ պարունակօղ շարակարգութեամբ նախնեացն մերոց և ճշմարտասիրաց թարգմանչաց; Իսկ զկնի հրամանաւ Վեհափառին Տեառն Յակօբայ Հայոց Կաթուղիկոսի գլխակարգեայ և տնատեալ ըստ Դաղմատացւոցն. նա և զհամաձայնութիւն Գրոց Աստուածաշնչից ընդ իրեարս առ րնթեր կարգեալ ամենեցուն. նուաստի ումեմն բանի Տեառն սպասաւորի Ոսկանի Երևանեցտյ։ Յամստերդամ, ներ տպարանում Սրբոյն Էջմիածնի և Սրբոյն Սարգսի զօրավարի, ի թուում Փրկչին 1666, իսկ Հայոց ՌՃԺԵ, նամսեանն մարտի մետասանի»։
Պատմաբան Լեոն, բարձր գնահատելով Ոսկանի հրատարակած Աստվածաշնչի պատմական և մատենագրական արժեքը, գրում է.
«Մի արդարև մեծ գործ, որ, ինչպես տեսանք, վաղուց ի վեր պահանջ էր դարձել Ազգի մեջ և շատերի տենչանքն էր, բայց մնացել էր երազ։ Կարիք չկա այստեղ մի առ մի բացատրելու, թե ինչ դժվարություններ էր ներկայացնում առաջին անգամ Աստվածաշունչ տպագրելը, Ոսկանը երկար ժամանակ աշխատանք էր թափել նրա վրա ոչ միայն իբրև տպագրող, այլ իբրև խմբագրող։ Նա համեմատել է հայերեն Աստվածաշունչը լատիներենի հետ, տնատեւ է լատիներենի համաձայն, կազմել է բոլոր հատուկ անունների մի շատ մանրամասն ցանկ, նույնիսկ նրա մի մասը (Սիրաքի գիրքը) նորից թարգմանել տվել Ստեփանոս Լեհացուն։ Գրքի վերջում Ոսկանը զետեղեց մի քանի կտոր թարգմանություններ Ս. Հերոնիմոսից, որոնք, երևի, իր գործն էին։ Ավելացրեք այդ բոլորի վրա անսխալ, պատկերազարդ, մաքուր և գեղեցիկ տպագրությունը, և դուք հասկացողություն կկազմեք Ոսկանի գործադրած մեծ ջանքերի և հոգեկան մեծ կարողության մասին։ Տպագրական մամուլն առաջին անգամն էր լույս հանում այն փաստը, որ հայն էլ ընդունակ է երկար ու դաժան աշխատություններով խոշոր հրատարակություններ անել» (Լեո, «Հայոց պատմություն», Գ, էջ 448)։
Ոսկան վարդապետի հրատարակությունը, չնայած իր որոշ թերություններին, մեծ արժեք էր ներկայացնում և բավարարում ժամանակի մարդկանց պահանջներր։ Դրա պայծառ ապացույցն այն է. որ Աստվածաշնչի հաջորդ երկու հրատարակությունները 1705 և 1733 թվականներին՝ վերահրատարակել են Ոսկանյան Աստվածաշունչը։

Ոսկան Երևանցու Աստվածաշնչի սքանավորած տարբերակը հասանելի է այս հղումով։

Հայերեն Աստվածաշնչի երկրորդ հրատարակությունը (Պետրոս Լատինացի)


Ոսկան վարդապետ Երևանցու հրատարակությունից հետո Աստվածաշունչը երկրորդ անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1705 թվականին։

Այս հրատարակության և հրատարակողի անձնավորության մասին Հ. Հովհաննես Զոհրապյանը 1805 թվականին Վենետիկում իր հրատարակած Աստվածաշնչի «Նախաբանութիւն առ վերծանօղս» առաջաբանի 7-րդ էջում գրում է հետևյալ տողերը.
«...Նմին իրի և երկրորդ անգամ հարկ եղեալ տպագրութեան ողջոյն Աստուածաշունչ մատենին, ազգական նորին Ոսկանայ՝ Պետրոս ոմն Լադինացի անուանեալ, ունելով առ ձեռն պատրաստ զգործիս տպագրական պիտոյից, յար և նման ամենևին օրինակին իւրումն նախնոյն, մանրագիր և անմաքուր՝ տպագրեաց յամին 1705 ի Կոստանդնուպօլիս ի թաղն Պէկօղլի»։ Պետրոս Լատինացու կյանքի և գործունեության մասին մեզ հայտնի չէ ոչինչ. Զոհրապյանը նրան անվանում է Ոսկանի ազգական և «Լատինացի», բայց հայտնի չէ, թե ինչ աղբյուրից է նա քաղել այդ տեղեկությունը։
Լատինացին տպագրական տառերը վերցնելով Ոսկանի տպարանից, 1704 թվականին հաստատվում է Կոստանդնուպոլսում, այնտեղ հիմնելով իր տպարանը, որտեղ էլ հրատարակում է Աստվածաշունչը, բաղկացած Հին և նոր Կտակարաններից։ Տիտղոսաթերթում գրված է.
«ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Հնոց և Նորոց Կտակարանաց ներ պարունակօղ շարակարգութեամբ նախնեացն մերոց և ճշմարտասիրաց թարգմանչաց: Ի հայրապետութեան Տեառն Նահապետի Կաթողիկոսի Ամենայն Հայոց, ի թագաւորանիստ մայրաքաղաքն Ստամպօլ, ի թաղն Պէկօղլի կոչեցեալ և թուաբերութեան Հայոց ՌՃԾԴ մայիս ամսոյն Ա, և ի թուին Փրկչին 1705»:
Պետրոս Լատինացու տպագրած Աստվածաշունչը կրկնությունն է Ոսկանյան Աստվածաշնչի։

Պետրոս Լատինացու Աստվածաշնչի սքանավորած տարբերակը հասանելի է այս հղումով։

Հայերեն Աստվածաշնչի երրորդ հրատարակությունը (Մխիթար Սեբաստացի)


1733 թվականին իրականացվում է հայերեն Աստվածաշնչի երրորդ հրատարակությունը աբբահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Հրատարակությունն իրականացվել է Վենետիկում, Անտոն Բարտոլի տպարանում։ Այս տպարանում հայերեն գրքեր տպագրվել են 1695 թվականից և շարունակվել մինչև 1777 թվականը։ 

Մխիթարի Աստվածաշնչի տիտղոսաթերթը այսպես է.
«ԱՍՏՈԻԱԾԱՇՈԻՆՉ ԳԻՐՔ Հնոց և Նորոց Կտակարանաց շարակարգութեամբ նախնեաց մերոց և ճշմարտասիրաց թարգմանչաց, զոր զկնի ամաց բազմաց, յամի Տեառն 1666 և ի թուին Հայոց ՌՃԺԵ, հրամանաւ Տեառն Յակոբայ Հայոց Կաթողիկոսի, գլխակարգեալ և տնատեալ ըստ Լատինացւոց, նաև զհամաձայնութիւն հանուրց Գրոց Աստուածաշնչից իրերաց աոընթեր՝ կարգեալ Տեառն Ոսկանայ վարդապետի Երևանեցւոյ, և աոաջնով տպագրութեամբ ի լոյս ածեալ: Իսկ այժմ նոյնն լաւագոյն թղթովք, ազնուագոյն պատկերօք, գեղեցկագոյն ծաղկագրօք, զգուշագոյն սրբագրութեամբ, և բազմօք ծախիւք՝ վերստին տպագրութեամբ ի լոյս ածեցեալ, աշխատասիրութեամբ և ջանիւ Տեառն Սխիթարայ վարդապետի Սեբաստացւոյ՝ Աբբայ Հայր կոչեցելոյ: Ի փառս մեծագոյնս Աստուծոյ: Եւ ի յօգուտ մանկանց Եկեղեցւոյ: Յամի Տեառն 1733 և ի թուի՛ն Հայոց ՌՃՁԲ յունիսի 15: Ի Հայրապետութեան Տեառն Աբրահամու Հայոց Կաթողիկոսի: Ի Վէնէտիկ քաղաքի, ի տպարանի Անտօնի Պօռթօլի: Հրամանաւ մեծաւորաց»: 
Մխիթար Սեբաստացին պահում է Աստվածաշնչի Ոսկանյան գլխակարգությունը, «որպէս եղեաւ էր նա. նոյնպէս և մեք թողաք» (էջ 1271)։

Միաժամանակ Սեբաստացին կատարում է որոշ սրբագրություններ Աստվածաշնչի իր տպագրության մեջ, «գոնէ ի լուսանցսն դնելով» ցույց տալով, թե «զիա՛րդ և որո՛վք միջոցիւք ի ծանօթութիւն մեր եկին որոշակի՝ այնք որք ի գրչաց խանգարեցան, և այնք որք պատճառաւ թարգմանութեան մռայլ երևին» (էջ 1273)։

Հ. Զոհրապյանը իրավացիորեն քննադատում է Ոսկանյան Աստվածաշնչի մի քանի գրքերի լեզուն, հայկաբանությունը, այն է՝ «ողջոյն գիրս Սիրաքայ՝ և Չորրորդ Եզրասայ՝ հանդերձ թղթով ինչ Երեմիայ մարգարէի, իբրև ամբողջական մասունս թարգմանեալ ի լատինականէն՝ իւրովն իսկ թերուսումն հմտութեամբ բարբառոյն այնորիկ, յաւել ի մերս խուժադուժ հայկաբանութեամբ, օրինակ իմն իբրև կապերտ քրձոյ առ կերպասիւ ագուցեալ» (էջ 8)։

Հ. Զոհրապյանի այս արդար քննադատությունը վերաբերում է նաև Մխիթար Սեբաստացուն, որի Աստվածաշնչի տպագրության հիմք է ծառայել Ոսկանյան օրինակը։

Այնուամենայնիվ Աստվածաշնչի 1733 թվականի Մխիթարյան հրատարակությունը իր մաքուր տպագրությամբ, սրբագրություններով, նկարներով, ընտիր թղթով իր մասնավոր տեղն է գրավում Աստվածաշնչի հայերեն տպագրության պատմության մեջ, որպես «ի փառս Տեառն, և ի յօգուտ ազգին մերոյ» եղած հրատարակություն։

Պատմաբան Լեոն հետևյալն է գրում Մխիթար Սեբաստացու հրատարակած Աստվածաշնչի մասին.
«...Իբրև տպարանական գործ՝ նա ներկայացնում էր մի աննախընթաց հոյակապություն, գեղեցիկ թուղթ, մաքուր տպագրություն, խնամքով սրբագրություն... Բայց այս գործի մի մեծ թերությունն այն էր, որ Ս. Ղազարի աբբահայրը դարձյալ վախեցել էր լատինամոլ կղերականությունից։ Ձեռքի տակ չունենալով գրչագիրներ, նա արտատպեց Ոսկան վարդապետի տպագրած Աստվածաշունչը։ Իսկ մենք արդեն գիտենք, որ Ոսկանը մեկն էր այն լուսավորչական հոգևորականներից, որոնք յուրացրել էին լատինամոլների հայերենը, և այնքան չափազանցության էր հասել, որ հայոց հին գրքերը սրբագրում էր լատինացրած հայերենի ձևերի համաձայն։ Այսպես էր և նրա Աստվածաշունչը։ Մխիթարը շատ քիչ բան ուղղեց Ոսկանի նորմուծություններից, ավելին անելու համարձակություն չունեցավ» («Հայոց պատմութիւն», Գ, էջ 1004)։
Լևոնյանը, տալով իր գնահատականը Ոսկանի և Մխիթար Սեբաստացու Աստվածաշունչներին, գրում է. «Երբ համեմատության առնենք Ոսկանի և Մխիթար աբբայի հրատարակությունները, անկասկած, առավելությունը տալու ենք երկրորդին՝ գեղարվեստական ձևավորմամբ, պղնձափոր պատկերների ընտիր տպագրությամբ և սպիտակ բարակ թղթով» (էջ 126)։

Մխիթար աբբայի հրատարակած Աստվածաշնչի մեջ կան շատ նկարներ, որոնցից 81 հատը Հին Կտակարանում՝ բիբլիական թեմաներով, իսկ 73-ը Նոր Կտակարանում՝ Քրիստոսի և առաքյալների կյանքի դրվագներից։

Ոսկան վարդապետ Երևանցու, Պետրոս Լատինացու և Մխիթար Սեբաստացու հրատարակած Աստվածաշունչները, այնուամենայնիվ, հրապարակի վրա մնացին մինչև 1805 թվականը, երբ Վենետիկում լույս տեսավ Հ. Հովհաննես Զոհրապյանի հրատարակած Աստվածաշունչը։

Մխիթար Սեբաստացու Աստվածաշնչի սքանավորած տարբերակը հասանելի է այս հղումով։

Հայերեն Աստվածաշնչի չորրոդ հրատարակությունը (Հովհաննես Զոհրապյան)


1805 թվականին, դարձյալ Վենետիկում, իրականացվեց հայերեն Աստվածաշնչի հաջորդ հրատարակությունը, որը, չնայած չորրորդ տեղն է գրավում Աստվածաշնչի հրատարակության հերթականության մեջ, սակայն, հրատարակության գիտական պատրաստության տեսանկյունից՝ իբր ակադեմիական հրատարակություն, առաջինն է իր տեսակի մեջ, համեմատած Աստվածաշնչի նախորդ և հետագա հրատարակությունների հետ։

Այդ լուրջ, գիտական գործը կատարել է Մխիթարյան միաբան, լեզվագետ և պատմաբան Հ. Հովհաննես Զոհրապյանը, որի անունով Աստվածաշնչի չորրորդ հրատարակությունը կոչվեց Զոհրապյան։

Հ. Հովհաննես Զոհրապյանը, որպես հմուտ բանասեր, նախքան հայերեն Աստվածաշնչի չորրորդ հրատարակությունը, ձեռագրերի համեմատությամբ և բնագիրը լուսաբանող քննական ծանոթագրություններով հրատարակել էր Ղազար Փարպեցու պատմությունը, Մովսես Խորենացուն վերագրված «Գիրք պիտոյից»-ը և ուրիշ գործեր։ Նա բնիկ կոստանդնուպոլսեցի էր, «առաջին հայ բանասերը և հայագիտության ասպարեզում աշխատող հայ ռահվիրան» (Լեո, «Հայոց պատմություն», Գ, էջ 1011)։

Չոհրապյան Աստվածաշունչը, որպես գիտական հրատարակություն, մինչև այժմ լավագույններից մեկն է համարվում իր տեսակի մեջ, Աստվածաշնչի Հայերեն հրատարակությունների շարքում։

Զոհրապյան Աստվածաշնչի անվանաթերթն է.
«ԱՍՏՈԻԱԾԱՇՈԻՆՉ ՄԱՏԵԱՆ Հին եւ Նոր Կտակարանաց, ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց. ի հելլենականն հաւատարմագոյն բնագրէ ի հայկականս բարբառ: Նորոգապէս ի լոյս ընծայեալ յընտրէլագոյն գրչագիր գաղափարէ՝ համեմատութեամբ այլ և այլ օրինակաց, հանդերձ կարեւոր ծանօթութեամբք բնաբանին: Յաշխատասիրութենէ Տեառն Հ. Ցովհաննէս Զոհրապեան վարդապետի, ի միաբանութենէ Մեծին Մխիթարայ րաբունապետի եւ առաջին Աբբայի: Տպագրեալ հրամանալ Տեառն Տեառն Ստէփաննոսի Ագոնց աստուածապատիւ արհիեպիսկոպոսի, եւ աոաջնորղի ուխտին Սրբոյն Ղագարու: 1805. ի Վենէտիկ, ՌՄԾԴ. ի գործարանի Սրբոյն Ղազարու»:
Հ. Հովհաննես Զոհրապյանի արժեքավոր, կուռ «Նախաբանութիւն առ վերծանողս» առաջաբանը բաղկացած է երեք մասից, որտեղ հանգամանորեն և պատմական ստույգ տվյալներով խոսվում է՝

ա. Աստվածաշնչի եբրայական բնագրի, կազմության, Յոթանասնից թարգմանության, Օրիգենեսյան վեցիջյանի («այս վեցիջեանս օրինակ Եւթանասնից քան զամենեսին նախամեծար համարեալ, որպէս գլխովին անթերի և հաւատարմագոյն գաղափար սուրբ մատենից ընկալեալ եղև յամենեցունց»), ապա Սահակ-Մեսրոպյան թարգմանության մասին, երբ «ի խնամոց բարգաւաճեալ ուսման իմաստից ի մերումս Հայաստան աշխարհի, սատարութեամբ ճառագայթաւէտ լուսաւորաց Ազգիս՝ սրբոցն Սահակայ և Մեսրոպայ, առաջին փոյթ եղև նոցա բազմաշխատ հայթհայթանօք յօրինուած գրոց հայկականս բարբառոյ, առ ի թարգմանութիւն աստուածային մատենից անսայթաք կատարելոց... ընտիր հայկաբանութեամբ» (էջ 3 - 5)։

բ. «Հանգամանք գրչագիր օրինակաց և Ոսկանեան տպագրութեան»։

Առաջարանի այս երկրորդ մասում (էջ 5 - 8) նախ խոսում է հանգամանորեն Աստվածաշնչի իր հրատարակության առթիվ ընտրած գրչագիր օրինակի հարազատության և ճշգրտության մասին՝ «նախ ծանօթս տալ վասն գրչագիր օրինակաց մերոց, և զորպիսութենէ տպագրութեանն Ոսկանայ և ապա զեղանակէ մերումս առաջիկայիս» (էջ 5)։

Զոհրապյանը իր հրատարակության համար որպես «տիպ գաղափարի» ընտրել է ԺԴ դարի «առաջինն ի գրչագիրս» մի ձեռագիր, «երկիջեան, բոլորագիր, ամբողջ ծայրէ ի ծայր առանց ինչ պակասութեան թերթից՝ ի մագաղաթէ», գործ «հմուտ և արուեստաւոր գրչի, որով և գերազանց էր գրեթէ քան զամենայն գրչագիր մատեան։ յածեալս առ մեօք» (էջ 5)։

Զոհրապյանի ընտրած այս ձեռագիրը, որը Կիլիկյան էր, գրիչը՝ Գևորգ վարդապետ, դառնում է «բուն գաղափար... մերումս առաջիկայ տպագրութեան» (էջ 6)։

Զոհրապյանն այս ընտիր ձեռագրի «գաղափարը» համեմատում է 8 այլ ընտիր ձեռագրերի և Ոսկանյան Աստվածաշնչի տպագրված օրինակի հետ, իսկ չորս Ավետարանների համար օգտագործում է 30 այլ ձեռագիր և հին ճաշոցներ։

Զոհրապյանը խոսում է Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության և Ոսկան վարդապետի կատարած մեծ գործի մասին, որով «անուն Ոսկանայ պատուեալ ծաւալեցաւ յազգիս որպէս բազմերախտ աշխատաւորի և մեծիմաստ վարդապետի» (էջ 7)։ Բայց, արդարորեն, ինչպես նշեցինք վերև, Զոհրապյանը քննադատում է Ոսկանի «զիւրն կարծեցեալ ուղղաբանութիւնս... որով Աստուածաշունչ իւր ըստ իմաստիցն ձևացաւ խառնարան այլ և այլ թարգմանութեանց՝ հելլենականին և լատինականին, իսկ ըստ քերթողական արուեստին՝ խառնաձայնութիւն նախնի հայկական վայելչաբանութեան ընդ նորահնար օտարալուր բարբառոյ» (էջ 8)։

գ. «Եղանակ կազմութեան առաջիկայ տպագրութեանս» (էջ 8-11):

Այս ենթավերնագրի տակ Զոհրապյանը խոսում է, որ «զտարադէպ հանգամանաց տպագրութեան Ոսկանայ, յայտ յանդիման երևեալ անհրաժեշտ կարևորութիւն նորակերտ տպագրութեանս» (էջ 8), ապա շարադրում է իր հրատարակության պատմությունը. «մնաց մեզ արդ ծանօթս տալ բարենախանձ վերծանօղաց մերումս զեղանակէ սորին ձեռնարկութենէ, զոր ըստ ճշգրիտ կանոնաց հաւատարմութեան գուն գործեցաք կատարել յազնոլագոյն գրչագիր գաղափարէ»։

Զոհրապյանը պահում է իր ընտրած ձեռագրի «զնոյն թիւ և զկարգ գրոցն» և դուրս է թողնում առանց խղճահարության՝ «ոչ խղճեցաք», «զգիրսն Սիրաքայ», որը մուծել էր Ոսկանը հետևելով Վուլգատային, մինչ հնագույն հայերեն ձեռագրերում չկար, և Զոհրապյանը եզրակացնում է՝ «կամեցեալ մեր հետազօտել զհանգամանաց այնր գրոց՝ զոր այսօր ունիմք ի հայկականս, բայց ի հատընտիր իմն եղանակաւ թարգմանութենէ նորա՝ բաղդատեալ ընդ յունականին, նա և կարի զանազանութիւն տեսանեմք ոճոյ շարադրութեանն յայլոց նմանատիպ գրոց անտի՝ զոր արարին նախնի թարգմանիչք մեր. մինչ զի և ո՛չ նոցին կրտսերագոյն աշակերտաց համարձակելի է մեզ ընծայել»։

Ինչպես հայտնի է, Սիրաքը մաս չի կազմել հայկական կանոնին։ Սիոն կաթողիկոսը երբ Ը դարում գումարում է Պարտավի ժողովը՝ որոշելու համար Ս. Գրոց կանոնը, ժողովը կանոնից դուրս է գցում Սիրաքը, որպես Սողոմոնյան առակների մի տարբերակը։ Սիրաքը առաջին անգամ մտնում է Ոսկանի հրատարակության մեջ։

Ապա Զոհրապյանը նշում է, որ ինքը հարմար է դատել՝ «շահաւէտ վարկաք»՝ դնել Հին ու Նոր Կտակարանների յուրաքանչյուր գրքից առաջ «զյառաջաբանս կամ զնախադրութիւնս և զցանկս գլխոց», «հանդերձ նոցին համեմատեալ թուագրովք որ ի լուսանցս անդ բնաբանին, ըստ որում ունէին կարգեալ առ հասարակ ամենայն գրչագիր օրինակք», ինչ որ զանց էր առել Ոսկանը իր հրատարակության մեջ, «իբր աւելորդս և անպիտանս»։

Զոհրապյանը մտադրել է «ի լոյս ածել զհարազատ հայկականս թարգմանութիւն Աստուածաշունչ մատենիս՝ ըստ ընտրելագոյն օրինակի»։ Դրա համար, նա ոչ միայն բաղդատել է իր ձեռքի տակ գտնվող ընտիր ձեռագրեր. «զյաճախութիւն գրչագիր օրինակաց», ստանալու համար «կատարելագոյն» օրինակը որպես տեքստ հրատարակության, այլ նաև «ուղղագրել» է «նոքօք զառաջի եդեալս օրինակ ի վրիպանաց գրչին՝... այլ և բաց ի ճշգրիտ ծանօթութեանց զեղանակէ գրչութեան նորին» և հարմար է դատել «նա ևս զտարբերութիւնս այլոց օրինակաց առ նմին մերձ դնել ի պէտս մերոյ ուսումնասիրաց»։

Այս բոլոր հանգամանքները, որոնք նշվում են Զոհրապյանի առաջաբանում, իրավունք են տալիս եզրակացնելու, որ արդարև Զոհրապյանի հրատարակած Աստվածաշունչը գիտական լուրջ հրատարակություն է, հայկական հարազատ թարգմանություն։

Զոհրապյան Աստվածաշնչի հրատարակությամբ և նրա օգտագործած ձեռագրերի բաղդատական ուսումնասիրությամբ զբաղվել է Մայր Աթոռի միաբան Մեսրոպ վարդապետ Մագիստրոսը իր «Պատմություն Սուրբ Գրոց հայկական թարգմանության» դիսերտացիոն ռուսերեն աշխատության մեջ։ Մեսրոպ Մագիստրոսը, շատ բարձր գնահատելով հանդերձ Զոհրապյանի կատարած աշխատանքի գիտական արժեքը, անում է հետևյալ դիտողությունները.
«Նրա աչքում ամենակարևորն է հանդիսանում հիմնական ձեռագիրը՝ այն է SK3, նա նրան տալիս է նախապատվությունը, իսկ մյուս ձեռագրերի տարընթերցվածքները նա տալիս է ծանոթագրությունների մեջ։ Նրա մոտ ձեռագրերը հարկ եղածին պես չեն խմբավորված, անուններ չունեն, այլ համարվում են հետևյալ կերպ. ՏK3 ձեռագիրը անվանված է «օրինակ». նրա ակնհայտնի սխալները ուղղվում են բացառապես այն դեպքերում, երբ մյուս բոլոր ձեռագրերը նույն ընթերցվածքն ունեն։ Իսկ եթե ձեռագրերի կեսը, կամ թեկուզ երկուսը օրինակից տարբեր ընթերցվածք ունեն, ապա այդ ծանոթագրության մեջ նշվում է հետևյալ կերպ. «Ոմանք այսպէս, կամ այնպէս», իսկ եթե «օրինակ»-ի հետ չեն համաձայնում կեսից ավելի ձեռագրերը, այդ նշվում է. «բազումք այսպէս կամ այնպէս»։ Այսպիսի խմբավորումը ոչ մի հնարավորություն չի տալիս իմանալ, թե այդ որ ձեռագրերը միասին վերցրած կազմում են «ոմանք» կամ «բազումք» խմբերը։
Այսպիսով մենք ունենք այդ ութը ձեռագրերի և Ոսկանի հրատարակության բոլոր տարընթերցվածքները, բայց Զոհրապյանի նշումների տարօրինակ եղանակի պատճառով մենք չենք կարող իմանալ, թե որ ձեռագիրը ինչպիսի տարընթերցվածք ունի։ Եվ եթե նրա հրատարակության մեջ կան թերություններ, ապա այս գլխավոր թերություններից մեկն է։ Նա ձգտել է վերականգնել հին տեքստը, որի համար հիմք է հանդիսացել ձեռագրի մի «օրինակ, գրված ստոյգ սեպհական ձեռամբն Գէորգայ», և թեև Զոհրապյան չգիտե, թե ո՛վ է այդ Գևորգը, բայց ճիշտ է կռահել, որ ձեռագիրը կիլիկյան ծագում ունի և հենց այդ պատճառով է այն համարում կատարյալ։ Նա չգիտեր և չէր էլ կարող իմանալ, որ հենց այդ ծագումը պիտի նրան զգուշություն և կասկածամտություն ներշնչէր, այդ դեպքում նա չէր ասի, թե իր ձեռքի տակ ունի «հունարեն ամենաստույգ օրինակի ճշգրիտ թարգմանությունը և լավագույն ձեռագիրը»։ Ճիշտ այսպես էլ առաջաբանում առաջ քաշված նրա դրույթներից շատերը քննադատության չեն դիմանում։ Նրանցից են՝ նրա կարծիքը Աստվածաշնչի երկրորդ թարգմանության մասին հունարենից, նրա այն հայացքը, թե կիլիկյան շրջանի ձեռագրերը կատարյալ են, թե Հին Կտակարանի ցանկը և նախաբանները թարգմանված են ուրիշ լեզվից, հետևապես և այն, թե հայերեն թարգմանությունը կատարելություն է։ Զոհրապյանի մտքերի մեջ այս հիմնական դրույթները շատ բանով փոփոխված են կամ մերժված, էլ չենք խոսում Աստվածաշնչի բուն բնագրի մասին ունեցած նրա հայացքի մասին։ Բայց Զոհրապյանի երախտիքը հայերեն Աստվածաշնչի բնագիրը կազմելու պատմության մեջ անժխտելի է։ Նա առաջինն էր, որ տվեց (ես ինձ թույլ եմ տալիս օգտագործել այսպիսի մի տերմին) Կիլիկյան Աստվածաշնչի տեքստը, այնպես, ինչպես որ այն կարդում էին հայերը 13-րդ դարից սկսած» (Մեսրոպ վրդ. Տեր֊Մովսիսյան, հիշված աշխատությունը, էջ 38)։
Հ. Հովհաննես Զոհրապյանի հրատարակությունը արժեքավոր է վերոհիշյալ արժանիքներով և բովանդակալից, կուռ առաջաբանով՝ «Նախաբանութիւն առ վերծանօղս», որն ինքնին առանձին մի հմտալից, արժեքավոր ուսումնասիրություն է Աստվածաշնչի հայերեն գրականության մեջ։

Հովհաննես Զոհրապյանի Աստվածաշնչի սքանավորած տարբերակը հասանելի է այս հղումով։

Այսպիսով, Զոհրապյանի 1805 թվականի Աստվածաշունչն ընդունվեց որպես հիմք՝ էլեկտրոնային ընթերցիչների համար նախատեսված epub և mobi ձևաչափերով ներկայացման համար։


Իրականացված աշխատանքները

Որպես հիմնական աղբյուր է օգտագործվել qahana.am կայում տեղադրված Adobe PDF ձևաչափով ֆայլի՝ Էլզա Մանուկյանի կողմից սիրով տրամադրված MS Word ձևաչափով տարբերակը: Վերջինս, սակայն, ascii կոդավորման (ոչ յունիքոդ) տառատեսակով էր, կառուցվածք չուներ, իսկ ծանոթագրությունները տեքստային եղանակով տեղադրված էին ուղղակի տեքստում։

Բացի այդ նշված տարբերակում բացակայում էին «Յավելուած» բաժինը, ներառյալ «Ծանուցումն», «Գիրք Սիրաքայ», «Եզրայ երրորդ», «Աղօթք Մանասէի թագաւորի», «Թուղթ Կորնթացւոցն առ Սուրբ Առաքեալն Պաւղոս», «Հանգիստ Սրբոյն Յովհաննու Առաքելոյ եւ Աւետարանչի» և «Աղերս Եւթաղի» բաժինները։

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի կողմից տրամադրված Զոհրապյանի Աստվածաշնչի մեկ այլ թվայնացում (Bibles.org.uk, London. Copyright © 2006–2007 Bibles.org.uk. Prepared by Vladimir Volovich and Tigran Aivazian. 7 Aug, 2007., PDF տարբերակ) ապահովեց պակասող բաժինների մի մասի, այն է «Գիրք Սիրաքայ», «Եզրայ Երրորդ» և «Աղօթք Մանասէի թագաւորի» տեքստը։ Մնացածը սիրով թվայնացրեց ինքը՝ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը՝ բացի այդ տրամադրելով նաև խորհրդատվական լայն և խիստ անհրաժեշտ օժանդակություն (այդ թվում տրամադրելով օրիգինալ հրատարակության սքանավորած ֆայլի հղումը) աշխատանքների ողջ ընթացքում։

Օրիգինալ տարբերակի ամենավերջին էջում առկա «Ցուցակ վրիպակաց»֊ը չենք պահպանել, քանի որ որպես հիմք կիրառված թվայնացված տարբերակում դրանք արդեն հաշվի են առված։

Այսպիսով, նախնական MS Word ձևաչափի ֆայլը փոխադրվել է յունիքոդ տառատեսակների, ստեղծվել է կառուցվածք, ավելացվել են փոխհղումներով ծանոթագրությունները։ Թվայնացված տարբերակը համեմատվել է օրիգինալ հրատարակության հետ, վերջինիս կառուցվածն ու ֆորմատը առավելագույնս արտացոլելու նպատակով։ Մասնավորապես՝ ավելացվել են հապավման նշանները, բացառությամբ այն բառերի, որոնք օրիգինալ տարբերակում գրվել են կրճատ, իսկ թվյանացված տարբերակներում՝ ամբողջական եղանակով։ Սրանք թողնվել են ամբողջական տեսքով։



Վերևում դրված օրիգինալ տեքստի թվայնացված տարբերակն այսպիսի տեսք ունի՝
1

Գլուխ Ա
1 ՚Ի սկզբանէ արար Աստուած զերկին եւ զերկիր։ 2 Եւ երկիր է՛ր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւա՛ր ՚ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէ՛ր ՚ի վերայ ջուրց։ 3 Եւ ասաց Աստուած. Եղիցի՛ լոյս։ Եւ եղեւ՛ լոյս։ 
Ինչպես երևում է բերված օրինակից, գլուխների հայերեն համարակալումը qahana.am կայքից հասանելի տարբերակի հիման վրա համալրվել է արաբական թվերով համարակալմամբ։

Եթե օրիգինալ տեքստում ծանոթագրությունները նույնացվում են հիմնական տեքստի համապատասխան բաժնի՝ դրանցում առկա համարով, ապա մեր դեպքում ծանոթագրությունների հղումները քառակուսի փակագծերով ներառված են տեքստում, և ապահովում են փոխադարձ հղումներ համարակալված ծանոթագրություներին։


Փորձել ենք պահպանել նաև օրիգինալ տեքստում կիրառված տառատեսակների տարբերությունները՝ կիրառելով շեղատառ տառատեսակներ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Մարկոս քահանա Մանգասարյանին և Էլզա Մանուկյանին՝ անգնահատելի օժանդակության համար։

Զոհրապյանի Աստվածաշնչի epub և mobi ձևաչափով ֆայլերը կարող եք ներբեռնել հետևյալ էջից՝ http://elib.ovanitas.com/08-TheBible.html

No comments:

Post a Comment