Անձնական լափթոփի վրա լիցենզիոն 8.1 դնելու համար փեյփալի «փեյ նաու» կոճակը սեղմելուց էդ տասը տարվա ենթագիտակցական զգացումը որոշակիացավ, ենթագիտակցությունից սպրդեց դուրս ու վերածվեց կոնկրետ, շոշափելի մտքի՝ վախտը կգա, սոֆթի համար պիտի վճարենք։ Էհ, մեծանում եմ երևի, սենտիմենտալ եմ դառնում։ Ախր տասը տարի առաջ վինդոուզին փող տալն իմ համար՝ էդ ոնց ամառվա շոգին սառը պիվեն բացել ու չխմել, ոնց Գեղամյան Արտաշի գրքերը կարդալ ու կոնսպեկտավորել, ոնց տեղական մամուլի՝ «Սենսացիա. հայ գիտնականի հնարած հավերժական շարժիչը ցնցել է աշխարհը» կամ «Օգոստոսի էսինչին Մերկուրին Լուսինից երկու անգամ մեծ կերևա» ու նմանատիպ վերնագրերով հոդվածները ոչ միայն բացել, այլ հլա մի հատ էլ կարդալ ու հավատալ, թե՝ կարող ա՞ ճիշտ ա։ Մի խոսքով, տասը տարի առաջ սա անհավանական էր թվում։