Friday, April 5, 2019

Անստորագիր


Կուսշրջկոմի ղեկավարի տեղակալ ընկեր Սիմոնյանին
Հարգելի ընկեր Սիմոնյան

Սույնով տեղեկացնում եմ Ձեզ, որ ք.Արարատ, Սանասարյան 10, բն. 45 հասցեում բնակվող Վաղարշակ Թութունջյանը վերջին ամիսներին ցուցաբերում է տարօրինակ, կուսակցության կողմից առաջադրված ուղղությանը չհամընկնող վարք։ Այսպես, երեկ երեկոյան ջհար ու դուի փոխարեն դորդ-ջհար խաղաց, ինչն ակնհայտ մանիպուլյացիա էր։ Այս ենթատեքստում ավելորդ չեմ համարում հավելել, որ համաձայն մուտքի բնակիչների շրջանակում պտտվող լուրերի, Վաղարշակը Թութունջյանը նկուղում ֆեյք է թաքցնում։

Տարօրինակ վարք ունի նաև Վաղարշակի կին Մարուսը։ Վերջինիս մուննաթված դեմքից ընդհանրապես չի զգացվում, որ Մարուսը 13 պունկտով ավելի երջանիկ է, քան նախկինում։ Նույնիսկ կարծես մի փոքր ավելի դժբախտ է։ Համաձայնվեք, որ այսօրինակ վարքը ոչ միայն չի նպաստում երկրում ներդրումային մթնոլորտի առողջացմանը՝ այլև երկրից  կապիտալի արտահոսքի պատճառ կարող է հանդիսանալ։


Վաղարշակի ու Մարուսի փոքր աղջկա վարքը դեռ մսուրային հասակից, թերևս ծնողների անգրագետ ու պարտիայի գծին չհամընկնող դաստիարակության պատճառով, անբավարար է։ Ռուզիկը երբեք հանգիստ չի նստում տեղը, այլ անընդհատ թռչկոտում է հատակին՝ անհանգստություն պատճառելով իրենց ներքևի բնակարանում բնակվող, երջանկության բավարար աստիճան ունեցող քաղաքացիներ Բենիամին Բաբաջանյանին, նրա կնոջը և ամուսնուն։

Ըստ հավաստի տվյալների՝ ս/թ օգոստոսի 15-ին Մարուսը հիշատակված հասցեում գտնվող շենքի բակում գործող հացի փուռից հաց է գնել և չի պահանջել դրամարկղային կտրոնը։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական առաջիկա հեղափոխության հիմքերի սասանմանն ուղղված և նակին ռեժիմի կողմից ուղղորդված քայլ։

Ավելին, երկրի առաջնորդի՝ սեպտեմբերի 18-ի «լայվ տրանսիացիայի» ո՛չ սրտիկների և ոչ էլ նույնիսկ «լայքերի» ցանկում չի հաջողվել գտնել Վաղարշակ Թութունջյանի ընտանիքի ոչ մի անդամի անունը։ Մեկնաբանությունների ցանկում իսպառ բացակայում են նաև սույն անձանց ոգևորիչ մեկնաբանությունները։ Կարելի է ենթադրել, որ Վաղարշակը և յուր ընտանիքի անդամները լուրերը չեն քաղում պարտիայի առաջադեմ արժեքները և այլընտրանքը չունեցող պայծառ ուղին լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի եթերից և, չի բացառվում, որ հեռուստացույցի վրա արգելված հեռուստաալիքներ ունեն։

Առաջին հարկում բնակվող Պայծառ տատը պնդում է, որ Մարուսի գլխում դեռ աղքատություն կա։

Հաշվի առնելով վերոնշյալը, առաջարկում եմ գնդակահարել Վաղարշակին և Մարուսին և ջարդել նրանց ծնոտը։ Ռուզիկի հետագա դաստիարակության հարցը կարելի է վստահել Կրթության նախարարության «Ազգի թշնամիների զավակներ» ՊՈԱԿ-ին։

Հարգանքով՝
բարին կամեցող

No comments:

Post a Comment