Tuesday, August 18, 2015

Էժան վինդոո՜ւզները, էժան վինդոո՜ւզները… կամ պատառիկներ մի կոտրված անարխիստի հուշատետրից

Դեռ տասը տարի առաջ գիտեի, որ էս օրը պիտի գա։ Զգում էի։
Անձնական լափթոփի վրա լիցենզիոն 8.1 դնելու համար փեյփալի «փեյ նաու» կոճակը սեղմելուց էդ տասը տարվա ենթագիտակցական զգացումը որոշակիացավ, ենթագիտակցությունից սպրդեց դուրս ու վերածվեց կոնկրետ, շոշափելի մտքի՝ վախտը կգա, սոֆթի համար պիտի վճարենք։ Էհ, մեծանում եմ երևի, սենտիմենտալ եմ դառնում։ Ախր տասը տարի առաջ վինդոուզին փող տալն իմ համար՝ էդ ոնց ամառվա շոգին սառը պիվեն բացել ու չխմել, ոնց Գեղամյան Արտաշի գրքերը կարդալ ու կոնսպեկտավորել, ոնց տեղական մամուլի՝ «Սենսացիա. հայ գիտնականի հնարած հավերժական շարժիչը ցնցել է աշխարհը» կամ «Օգոստոսի էսինչին Մերկուրին Լուսինից երկու անգամ մեծ կերևա» ու նմանատիպ վերնագրերով հոդվածները ոչ միայն բացել, այլ հլա մի հատ էլ կարդալ ու հավատալ, թե՝ կարող ա՞ ճիշտ ա։ Մի խոսքով, տասը տարի առաջ սա անհավանական էր թվում։

Ժամանակները փոխվում են։ Խելախոսումս եղած 100 վճարովի սոֆթից 99-ի դիմաց վճարել եմ, ու մենակ մեկի ռեկլամն եմ փակել, որովհետև մի քիչ դուռռակ սոֆթ ա։ Ու որ ասանկ անկեղծ խոսակցություն մը գնաց, նույնիսկ մաքբուքի վրա քանի՚մ հատ վճարովի սոֆթ ունեմ։

Բայց դրա հետ մեկտեղ մաքբուքիս մյուս փարթիշնում սուսուփուս նստած 8.1-անոց վինդոուզս, պոստսովետական լավագույն ավանդույթների համաձայն, հիմնովին լոմած էր, ինչպես և վայել է թորրենթից քաշած ցանկացած իրեն հարգող ծրագրային ապահովման։

Վինդոուզ 10-ի հետ ջանս ցեց ընկավ։ Մի կողմից չես ուզում էդ պոստսովետական լավագույն ավանդույդթները խախտել ու հիշում ես, որ լոմած սոֆթը տեխնիկական պրոգրեսի մի ուրույն գործոն ա համարվում դրանից օգտվող անարխիստ հասարակության կողմից, մյուս կողմից գիտես, որ էս տասն արդեն երկար ժամանակ ա նստելու մեր կոմպերում՝ առնվազն մի էդքան տարի, ու անընդհատ նորանոր ֆունկցիաներ բերելու հերթական աթդեյթների տեսքով։ Մի խոսքով, որ լիցենզավորված լինի, հաստատ գլխացավանքն ավելի քիչ կլինելու։ Համենայն դեպս ջանիս վրա տեղավորված ցեցերն էդ կարծիքին էին։

Չէ, բնականաբար տեղյակ եմ, որ առնվազն մի եղանակ կա էնպես լոմելու, որ հարազատ մայրը, հանձինս մայքրոսոֆթի սերվերների, չտարբերի, բայց դե մյուս կողմից էլ էդ պատանեկական անարխիզմս վաղուց արդեն դիրքերը զիջել ա ավելի ռոմանտիկ մտորումների՝ «վճարիր հարկերդ ու հանգիստ քնիր» սերիայից։

Արդեն քիչ էր մնում էդ անտեր 200 ամերիկական մանեթը օպտիկամանրաթելային մալուխներով ղրկեի Գեյթսենց հաշիվներին, որ 10-ը տեղում առնեմ, մեկ էլ ասի՝ հլա մի րո՜ո՜ո՜պե՜ե՜…

Ասի, ու մտա յոբայ։ EBAY, էլի։ Մտա, ու գրեցի՝ windows 8.1 genuine key: Մեկուկես տոննա բերեց։ Արանք-արանք կասկածելի բաներ կային, բայց օրինակ էս մեկը խստաբարո ու պարկեշտ կերևեր։ Մի քիչ պրպտելուց հետո հասկացա՝ ինչու՞ վճարել ավելին, եթե կարելի է վճարել մոտ 20 մանեթ։ Լրիվ օրինական մեթոդներով։ Մարդիկ ինչի-ինչ ծրագրերի շրջանակներում մեծածախ ձեռք են բերել լիցենզիոն համարներ, ու մանրից իրացնում են, հլա մի հատ էլ եվրոպական դիրեկտիվների վրա հղում են տալիս, թե իրենց արածն արդար ա ժողովուրդ ջան։ Հավաստվելու համար command line-ում գրեցի՝ slmgr/xpr, ու համոզվեցի, որ վինդոուզս մշտական ակտիվացում ունի։ Էս պահին 10-ն ա նստում մաքիս էդ երկրորդ փարթիշընում։ Ճիշտ ա քիչ եմ օգտվում (մանավանդ, որ 2016 Office for Mac-ը, որ վինդոուզի 2013 օֆֆիսի համարժեքն ա, արդեն կա), բայց դե տուն ա, պետք կգա։

Որոշեցի կիսվեմ, գուցե ինչ որ մեկին պետք գա։ Էն խնայած 180 դոլարից մի մասով կարող եք ինձ գարեջուր հյուրասիրել։

No comments:

Post a Comment