Tuesday, April 24, 2018

Problema solutum est

S01E02
Աչքերս հազիվ եմ բացում։
Գլխումս՝ շիլափլավ, աջ աչքս ֆոկուսի չի գալիս, ականջներումս՝ աղմուկ, աղմուկի միջից՝ ինչ որ ռիթմեր... «ը...հը-հը..էի..ի-իի...», «այլ..ա-ա..մէժի...էժի...», «քա՜յլ... արա...»...
Արա՛, սպասի, ճիշտ ա՝ «մերժիր...»։ Մի րոպե հլա... մերժինք ախր... արա, վա՛խ արա... հորս արև, երազ չէր... մերժել ենք, մերրժվել ա, ինքնամերժվել ա.... աաաաաա... աաաաաաաաաա.....
Սպասի, սպասի, ստուգել ա պետք... ուր ա էդ անտեր պուլտը... Հ1-ը որի՞ վրա էր... ո՞վ ա հիշում. Հ1 վերջին անգամ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն ենք միացրել։
«Պաշտոնական նորություններ... Վարչապետ Փաշինյանն ընդունեց քաղաքաշինության նախարար Լոքյանին...» աաաաաա.... աաաաա..... արա ճիշտ աաաաա....
Երկու վայրկյանում վրաս շոր-մոր եմ գցում, վազում բակ... Էս ցնծությունը մենակ վայելելու չի... Գիշերն, իհարկե, ահագին ցնծացած կլինեմ (բա գլուխս ինչի՞ ա տրաքում), բայց եթե դրանից բան չեմ հիշում, ուրմեն էդ հաշիվ չէր։
Առաջինն, ում տեսնում եմ հայաթում, Չթոյի ախպեր Ճկլն ա...
— Բարև Ճկլ ջան, աչքդ լուս, ախպերս...
— Ողջունում եմ, եղբայրս։ Զգույշ՝ աղբը չտրորես.... նոր ավլեցի մի վայրում կուտակեցի, որ հավաքարարի գործը հեշտացնեմ։ Խեղճ կնոջ մեջքն առանց էն էլ ցավում է...
Արյունը երակներումս սառում ա... կարող ա՞ երեկվա տժժիկներից հետո մեքենայով խմած, հազզարի տակ հրապարակի պուլպուլակներին եմ հագել, կոմայի մեջ ընկել ու հիմա էլ  Մասիվի հիվանդանոցի ռեանիմացիայում մորֆիով սիստեմա են միացրել։ Թէ չէ՝ ոչ միայն Ճկլը, այլ իրենց ողջ ազգուտակը, ներառյալ գազալցակայանի հպարտ տնօրեն ու ազգի նահապետ իր հորողբերը ոչ «ողջույն» բառն են իրենց օրում իմացել, ոչ «աղբ»-ը։ Իսկ ավել բռնելու թեման նույնիսկ Ճկլի մորն էր արգելված, սույն  գործողության «զապադլո» լինելու պատճառով։ Երևի էդ պատճառով էլ Ճկլենց տունը շենքի ամենափնթի տունն էր։
— Ճկլ ջան, սաղ տոշնի ա՞։
— Համմե՞...
— Ասում եմ, լավ ե՞ս, ամեն ինչ լավ ա՞...
— Այո, հարազատս, իհարկե ամեն ինչ լավ է մեր՝ ազատ, անկախ Հայաստանի քաղաքացիներիս համար։
Վախ, հորս արև...  Ճկլ ջան, քու ցավը տանեմ, ես քեզ ներում եմ քթիս ու երկու կողոսկրերիս ջարդելը նախանցյալ տարի ու մեր բոստանի տեղը սարքածդ ավտոմոյկան։
Վազում եմ փողոց... Սպասի, էս ձյաձ Վալոդը չի՞։ 28 համար մարշուտկի շոֆեր ալկաշ Վալոդը։ Սպասի, էս ի՞նչ ա Վալոդի հագին։ Ֆրա՞կ...
— Ձաձ Վալոդ...
— Բարձրացիր միկրոավտոբուս, եղբայրս, նստիր. կանգնած ուղևորով երթևեկն արգելված է օրենքով։ Եթե չնստես, ոստիկանը կկանգնեցնի ու բանավոր նկատողություն կանի։ Իսկ դա մեր երթուղուն հարիր չի։ Հիշեցնեմ՝ ուղեվարձը 1000 սատոշի։ Կարող եք վճարել տեղում, կամ հետո, երբ ուզենաք։ Երեկվանից հանրային տրանսպորտն աշխատում է donation սկզբունքով։
Ինձ թվում է, թե «կոգնիտիվ դիսսոնանս» հասկացությունը առարկայանում է ուղեղիս մեջ, շոշափելի կաղապարի վերածվում, ու ճզմում ուղեղս... Ձաձ Վալոդի՝ ՀՀ պետական արխիվի տարեկան բյուջեի պես աղքատիկ բառապաշարն, ախր, ուշունցից զատ մեկ էլ քֆուր էր պարունակում։ Էն էլ՝ անպատեհ։
Ըհը, հին կյանքից մի առկայծում. հետևի նստարանին մերսուհի Նատան ա նստած։ Մատներս խաչում եմ ու ձեն տալիս.
— Նատա ջան, պրիվետ ազ... Իրիգուն անցնե՞մ, մի հատ ջանս ճմլես։
— Վայ, բարև ձեզ, համեցեք, իհարկե։ Ճիշտն ասած երեկոյան կողմ համաժողովի եմ Յոնջլախ Գարդենում, Թաիլանդից դելեգացիա ունենք, պիտի մեր մեթոդիկան սովորեցնենք, բայց դրանից հետո համեցեք։ Ծոծրակի մերսում կարող եք պատվիրել։ Հաճույքով կսպասարկենք։
Վադ եմ... Հետևս ճմկթում եմ, բայց էս ֆանտասմագորիկ իրականությունը չի անհետանում։ Փաստորեն էդ մարդը գնաց ու ամեն ինչ ընկավ տեղը... Ճկլն էլ թաղի խուժան չի, ձաձ Վալոդը աջ ու ձախ ուշունց չի տալիս, Նատան... վա՜խ, Նատան... էս մասով մի քիչ ոնց որ պերեդոզ ա եղել... ափսո՜ս Նատան... հիմի ճմկտեմ, երևի ոստիկան էլ կանչի՝ սեռական ոտնձգության համար... հասարակությունն էլ, աչքիս, կպախարակի... բայց ջհաննամը, գյոռը... կարևորը, որ բոլորս մի օրում փոխվեցինք, սկսեցինք սիրել մեր երկիրը... Ոչ ձաձ Վալոդն ա ուշունց տալիս, ոչ Նատան՝... ինչևէ։
Բա հլա էն շինարարները ո՜նց են ասֆալտ փռում, ի՜նչ նազանքով, երազանքո՜վ... Հիմի հաստատ էլ բյուջե թալանող չի լինի, պադավատը սիրածների համար աշխատացնող չի լինի, օֆիսում գործի ժամին շարիկ գլորող չի լինի, երկիրը փող բերող պարսիկ տուրիստին անուն կպցնող ու մուննաթ էկող չի լինի, 10,000 դրամով (կամ սատոշիով) քվեարկություն անող չի լինի, էդ 10,000 դրամն ու սատոշին առաջարկող էլ չի լինի...
Արա, փաստորեն ճիշտ էին ասում, էլի, ամեն ինչի մեղավորն ինքն էր։ Պրծա՜նք է, պրծա՜նք... Հիմի պուպուշ-պուպուշ կաբրենք... Բժշկուհի ջան, էդ սիստեման մի անջատեք էլի, թողեք մի քիչ էլ վայելեմ։

Առաջին սերիան՝ էստեղ։

No comments:

Post a Comment